«Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Սպարապետի հիշատակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նախագահ Սարգսյանը պանթեոնում նաև ծաղիկներ է դրել Անդրանիկի գերեզմանին և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

Լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր տոնում ենք Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը: Անգամ իր 70, 80, 90, 100-ամյակին մեզ համար նա ընդմիշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը, որին մենք ճանաչել ու սիրել ենք, ում հետ բարեկամությամբ ու ընկերությամբ իրավամբ հպարտացել ու շարունակ հպարտանում եմ»։