ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական սարքավորումներ ու դեղորայք է տրամադրել Արցախի առողջապահության նախարարությանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի մոտ այսօր տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանը միտված բազմաթիվ հարցեր` այդ թվում Արցախի բժիշկների մասնագիտական վերապատրաստման, դեղորայքային քաղաքականության վերաբերյալ հարցեր:

Նախարար Բաղրյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության, ինչպես նաև նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի լուծմանն օժանդակելու համար:

Հանդիպմանն Արսեն Թորոսյանը կարևորել է երկու նախարարությունների համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել նպաստել Արցախի առողջապահության ոլորտի հետագա զարգացմանը:

Այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից բարեգործական հիմունքներով տարբեր բժշկական սարքավորումներ և դեղորայք է տրամադրվել ԱՀ առողջապահության նախարարությանը: