«Rolls-Royce»-ը դո՞ւրս է գալիս «TF-X» ռազմական ինքնաթիռների արտադրության թուրք-բրիտանական նախագծից

Բրիտանական «Rolls-Royce» ընկերությունն առաջիկայում պատրաստվում է դուրս  գալ թուրք-բրիտանական «TF-X» ռազմական ինքնաթիռների արտադրության  ծրագրից։ Ermenihaber-ի հաղորդմամբ, այդ մասին տեղեկացրել է «Financial Times» պարբերականը։ Այդ ինքնաթիռները նախատեսվում էին շահագործման հանձնել 2030-ին։ «Rolls-Royce»-ն ինքնաթիռների համար պետք է արտադրեր շարժիչներ։ Նախնական տվյալների համաձայն, բրիտանական ընկերությունը չի ցանկացել թուրքական կողմի հետ կիսվել շարժիչների տեխնոլոգիայով։

Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի  կողմից հովանավորվող պայմանագրի շրջանակներում թուրք և բրիտանացի ինժեներները պետք է կատարեին ինքնաթիռի դիզայնի մշակմանն ու ընդհանուր կատարելագործմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև միմյանց օգնեին տեխնոլոգիական և տեխնիկական սպասարկման հարցերում:

Նշենք, որ երկու երկրների միջև ռազմարդյունաբերական համագործակցություն նախատեսող պայմանագիրը կնքվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ 2017-ի հունվարի 28-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում: