Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

Իրանի սկզբունքային և խելամիտ քաղաքականությունը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտությունը երկխոսության ճանապարհով կարգավորելու հիման վրա։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչը։

Բահրամ Ղասեմին հերթական անգամ հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում օգնելու Իրանի պատրաստակամության մասին։ Պատասխանելով Հայաստանի վարչապետի Թեհրան կատարած այցի մասին ադրբեջանական պարբերականի հարցին, Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Իրանը համարում է Հայաստանի, Ադրբեջանի և հարևան մյուս երկրների կայունությունը, անվտանգությունն ու տնտեսական զարգացումը համընդհանուր առաջընթաց այս զգայուն տարածաշրջանի համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած չորեքշաբթի երկօրյա այցով գտնվում էր Իրանում։ Թեհրանը բարեկամական հարաբերություններ ունի հարևան երկրների հետ, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի։

«Ինչպես ես արդեն բազմիցս ասել եմ, հարևան բոլոր երկրների հետ  հարաբերություններում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է,-պարզաբանել է նա։- ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության առաջին գերակայությունը հարևան երկրների հետ հաշվի նստելն է։ Մենք շահագրգռված ենք ամուր հարաբերություններ հաստատել հարևանների հետ, համաձայն փոխադարձ հարգանքի, չմիջամտելով ներքին գործերին և ջանքեր գործադրելով կապերի զարգացման ուղղությամբ։ Կարծում ենք, որ Իրանի հարաբերությունները հարևան ցանկացած երկրի հետ, անշուշտ, չեն շոշափի այլ երկրի շահերը»։

Ղասեմին նշել է, որ Իրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ չպետք է ենթարկվեն Ղարաբաղյան հակամարտութան ազդեցությանը, ընդգծելով Ղարաբաղյան հարցը բանակցությունների ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

«Հայաստանի վարչապետի ներկայությունն «Արարատ» մարզահամալիրում և հանդիպումն Իրանի հայ համայնքի հետ բնավ անհիմն գործողություն չէ, բայց, անկասկած, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայերեն լեզվով որոշ ցուցապաստառների ցուցադրումն այդ համալիրում համարվում է կամայական և անընդունելի գործողություն»,- հայտարարել է Ղասեմին, հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի խրախուսում նման գործողությունները։