Գերասիմովը պատմել է «Տրոյական ձիու» ամերիկյան ռազմավարությանը տրվելիք պատասխանի մասին

Պենտագոնը ձեռնամուխ է եղել պատերազմական գործողություններ վարելու «Տրոյական ձի» նոր ռազմավարության մշակմանը, որի էությունը «հինգերորդ շարասյան» բողոքային ներուժի ակտիվ օգտագործումն է իրավիճակի ապակայունացման համար՝ միաժամանակ դիպուկ նշանառության զենքով (ԴՆԶ) կետային հարվածներ հասցնելով առավել կարևոր օբյեկտներին։

Այդ մասին այսօր՝ մարտի 2-ին հաղորդել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը՝ ռազմավարության զարգացմանը նվիրված խորհրդաժողովում։

«Պենտագոնը ձեռնամուխ է եղել պատերազմական գործողությունների սկզբունքորեն նոր ռազմավարության մշակմանը, որն արդեն ստացել է «Տրոյական ձի» անվանումը,- ասել է Գերասիմովը։- Դրա էությունն ամփոփված է «հինգերորդ շարասյան» բողոքային ներուժի ակտիվ օգտագործման մեջ՝ իրավիճակը ապակայունացնելու նպատակով, միաժամանակ ԴՆԶ-ով հարվածներ հասցնելով առավել կարևոր օբյեկտներին:

Կցանկանայի նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է կասեցնել այդ ռազմավարություններից ցանկացածը։ Վերջին տարիներին ռազմական գիտնականները Գլխավոր շտաբի հետ համատեղ մշակել են հայեցակարգային մոտեցումներ հավանական հակառակորդի ագրեսիվ գործողությունների չեզոքացման համար»:

Գերասիմովն ընդգծել է, որ «մեր պատասխանի» հիմքն «ակտիվ պաշտպանության ռազմավարությունն» է, որը, հաշվի առնելով ռուսաստանյան ռազմական հայեցակարգի պաշտպանական բնույթը, նախատեսում է համակողմանի միջոցների գործարկում՝ պետության անվտանգությանը սպառնացող վտանգները կանխավ չեզոքացնելու ուղղությամբ։

«Հենց մշակվող միջոցների հիմնավորումը պետք է կազմի ռազմական գիտնականների գիտական գործունեությունը,- հավելել է Գլխավոր շտաբի պետը։- Դա պետության անվտանգությունն ապահովելու գերակա ուղղություններից մեկն է։ Մենք պետք է առաջ անցնենք հակառակորդից պատերազմական ռազմավարության զարգացման հարցում, մեկ քայլ առաջ լինենք»։