Պարգևավճարների համար գումար կա, հաշմանդամ զինվորների բուժման ու պրոթեզի համար գումարներ չկան

LIVEnews.am-ի հարցազրույցում լրագրող, հեռուստառեժիսոր, «Մի հերոսի պատմություն» ֆիլմաշարի հեղինակ Սուրեն Արեենցը ներկայացրեց Արցախի հերոսամարտում, ապրիլյան քառօրյայում և բանակում ծառայության ընթացքում վիրավորում ստացած ու հաշմանդամ դարձած տղաների պատմությունը, ինչպես նաև խոսեց նրանց օգնելու իր պատրաստակամության ու նախաձեռնության մասին։

Պարզվում է, Հայաստանում 9000 զինհաշմանդամ կա, սակայն նրանցից միայն քչերի մասին է տեղյակ հասարակությունը, մինչդեռ ժամանակին իրենց առողջությունը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած այդ մարդիկ այսօր բոլորիս աջակցության կարիքն ունեն թե՛ առողջական խնդիրները, թե՛ ապրուստը հոգալու հարցում։

Պետությունը, ցավոք, նրանց հիմնականում աչքաթող է արել, և էլի հասարակական ուշադրության, սրտացավության շնորհիվ է հնարավոր այդ մարդկանց կյանքում լույսի մի շող ավելացնել։ Նրանք մեր մեջ են, մեր կողքին, և Սուրեն Արեենցը հորդորում է հնարավորության սահմաններում աջակցել այդ մարդկանց՝ որին աշխատանքի հնարավորություն ընձեռելով, որին իրենց սեփական փոքր գործը հիմնելու հարցում գումար տրամադրելով կամ այլ կերպ։

Շուտով Սուրեն Արեենցի և նրա համախոհների, ընկերների համատեղ ջանքերի միջոցով հանրությանը կներկայացվեն հերոս տղաների կյանքի, սխրանքների, կյանքում նրանց բաժին հասած դժվարությունների և դրանք հաղթահարելու, նրանց ցանկությունների և երազանքների մասին պատմող մի քանի ֆիլմեր։ Իսկ որպեսզի ֆիլմաշարը համալրվի նոր պատմություններով, բոլորիս աջակցությունն է հարկավոր։ Ի վերջո, այդ ֆիլմերն օգնելու են, որպեսզի տղաները շարունակեն ապրել հանուն իրենց հայրենիքի բարօրության, հանուն իրենց ժողովրդի խաղաղության ու բարեկեցության։

Մանրամասները՝  տեսանյութում