Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 30 կգ դեղորայք

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած քաղաքացի Կ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան: ՊԵԿ-ի լրատվական ծառայության տեղեկացմամբ, մաքսային տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել է 3,5կգ զանգվածով տարբեր դեղորայք:

Կասկածելով, որ մեքենայում կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խոր զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի հետևի նստատեղի և գազի բալոնի միջև գտնվող հատվածից ևս մոտ 20 կգ դեղորայք է բացահայտվել: Թաքստոցի վերածված մեքենան հաջորդ փուլում ավելի մանրակրկիտ զննության է ենթարկվել արդեն «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով: Արդյունքում 6 կգ դեղորայք էլ հայտնաբերվել է դիմացի նստատեղի մեջքի հենակի մեջից: Այսպիսով, ավտոմեքենայի տարբեր թաքստոցներից հայտնաբերվել է 29,5կգ ընդհանուր զանգվածով տարբեր դեղորայք:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար: