Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է աջակցել ՀՀԿ-ին նաև ապագայում

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության նախագահ Անդերս Պաստրանայի  և Եվրոպայի ժողովրդական կուսակցության  գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիցի գլխավորությամբ ՀՀ-ում գտնվող պատվիրակության հետ, որին մասնակցել է նաև կառույցի քարտուղար Սեզար Ռոսելլոն: ՀՀԿ գրասենյակի տեղեկացմամբ, հանդիպումը կայացել է Դեմոկրատների Միջազգային Միության նախագահի տարածաշրջանային այցի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Դեմոկրատների Միջազգային Միության  համաշխարհային քաղաքական ընտանիքի հետ համագործակցությունը, և ՀՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել առավել ներգրավված լինել կազմակերպության գործունեության մեջ:

Հյուրերի խնդրանքով Արմեն Աշոտյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրել ՀՀԿ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ:

Նախագահ Պաստրանան ընդգծել է, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նաև ապագայում՝ ընդլայնելով շփումները բոլոր մակարդակներում՝ քաղաքական, փորձագիտական և այլն:

Արմեն Աշոտյանը խիստ կարևորել է ՀՀԿ անդամակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, ընդգծելով, որ Հանրապետականը մշտապես զգացել է ԵԺԿ սատարումը, հատկապես այսօր, երբ կուսակցությունն անցնում է իր պատմության հերթական շրջանը:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հյուրերին ներկայացրել է կուսակցության բարեփոխումների և արդիականացման ծրագիրը:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ավանդական կուսակցությունները պետք է կարողանան մշտական արդիականացման գործընթացում լինել, որպեսզի պայքարեն գլոբալ պոպուլիզմի լոկալ դրսևորումների դեմ: