Գիտնականները հայտնել են Արևի ակտիվության ռեկորդային անկման մասին

Վերջին օրերին Արևի ակտիվությունն այնքան է նվազել, որ հասել է գիտական սարքերի զգայունության շեմից ցածր մակարդակի։ Այս մասին հաղորդել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի գիտնականները։

«Գիտական սարքավորումն աշխատում է առանց խափանումների, սակայն տեղի է ունեցել «անհնարինը». Արևի կարճալիք ճառագայթման մակարդակը, որը վերջին ամիսներին առանց այդ էլ ռեկորդային ցածր էր, նվազել է ևս մոտ 100 անգամ և հասել սարքերի զգայունության շեմից ցածր աստիճանի»,- նշված է ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի կայքում։

Արևի կարճալիք (մեղմ ռենտգենյան) ճառագայթումը ձևավորվում է միայն ակտիվ գործընթացների ժամանակ, ինչպիսիք են արեգակնային բռնկումները։ Եթե ստացվող տվյալները վկայում են ճառագայթման սրընթաց աճի մասին, դա նշանակում է, որ Արևի վրա ինչ-որ տեղ բռնկում է տեղի ունեցել։ Իսկ ներկայումս լուսատուի ակտիվությունը նվազագույնն է։

«Դատելով նրանից, թե ինչ է կատարվում գրաֆիկների վրա, Արևը հիմա սրընթաց ազատվում է իր ոչ միայն խոշորամասշտաբ, այլև փոքրամասշտաբ ակտիվությունից,- հաղորդել են գիտնականները։- Միկրո և նանոբռնկումների համապատասխան տեմպը նվազել է տասնյակ անգամներ։ Դա բավական անսպասելի է, քանի որ դեռ մի քանի ամիս առաջ Արևի վրա հայտնվել են նոր շրջափուլի սկսվելու նախանշանները։ Որոշ կանխատեսումներ նույնիսկ հավաստում էին, որ 2019 թվականի արդեն առաջին ամիսներից արեգակնային ակտիվությունը կսկսի արագ թափ հավաքել։ Դրա փոխարեն, սակայն, մեր աստղի ակտիվությունը է՛լ ավելի վար է գլորվել»։

Գիտնականներն առայժմ չգիտեն՝ դուրս կգա՞, արդյոք, Արևը նվազագույն ակտիվության փուլից առաջիկա ամիսներին, թե «արեգակնային ձմեռը» կձգվի անկանխատեսելի ժամկետով։