ԱՄՆ-ը ստել է Աֆղանստանում և Իրաքում իր կորուստների թվաքանակի վերաբերյալ

Վերջին օրերին նկատելի է մի չափազանց հետաքրքիր առանձնահատկություն՝ հարևան Իրանն աստիճանաբար անցնում է տարածաշրջանում հակաամերիկյան ակտիվ քարոզչական պատերազմի։ Բնական է, որ դրա համար խթան ծառայեցին  Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Թեհրան։ Մանավանդ որ, նշյալ այցերը տեղի ունեցան մեկը մյուսի հետևից։

Իհարկե, Իրանի հակաամերիկյան քարոզչության գլխավոր նպատակն իր շրջակա երկրներում և տարածաշրջաններում ԱՄՆ-ի ծավալած հանցավոր քաղաքականության մերկացումն է, այդ թվում նաև այն առումով, որ հենց ԱՄՆ-ն է սնուցում ահաբեկիչներին ու բաց թողնում նրանց բուն Իրանի և վերջինիս բարեկամ պետությունների դեմ։ Այդ թեմային էր վերաբերվում նաև «Mehr News» գործակալության փետրվարի 12-ի հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ-ի զինվորականների և… սիրիական քրդերի մի մասի հետ պայմանավորվածությամբ, «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների և նրանց ընտանիքների անդամների մեծ խմբեր ամերիկյան ռազմական բեռնատարներով տարհանվել են Եփրատի Արևելյան ափից, Դեյր-էլ-Զոր գավառից… Ինչպե՞ս չհարցնել Սիրիայի ամերիկամետ քրդերին. այդ ամենից հետո դուք դեռ ցանկանում եք, որ Սիրիայի կառավարությունը զիջումնե՞ր անի և ինքնավարությո՞ւն տա ձեզ․․․ ԻՊ ահաբեկիչների հետ ձեր կապն ակներև է, և կարևոր չէ, թե ձեզանից ում է ԱՄՆ-ն ավելի շատ հովանավորում, իսկ ում՝ ավելի քիչ՝ Ձե՞զ, թե վահաբիստ-ահաբեկիչներին։

Այնուհետ իրանական ԶԼՄ-ները ուրդու լեզվով տպագրվող «Dunya» թերթից վերցրեցին ու տարածեցին Պակիստանի պաշտպանության նախկին նախարար Նայիմ Խալիդ Լոդհիի «ԱՄՆ-ի սքողված խաղը» վերնագրով հոդվածը։ Այնտեղ Պակիստանի նախկին նախարարը հայտարարել է. «…Միացյալ Նահանգները աջակցում են Զահեդանում ահաբեկչական գրոհ իրականացրած հանցագործներին»։ Խոսքը փետրվարի 14-ին իրանական Սիստան և Բելուջստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչության մասին է, որի հետևանքով զոհվեցին ԻՀՊԿ-ի բազմաթիվ զինծառայողներ։ Պակիստանցի նախկին ռազմական պաշտոնյան, իսկ ներկայումս Իսլամաբադի Հետազոտական կենտրոնի (CSCR) աշխատակիցը հայտարարել է նաև, որ Զահեդանում իրականացված հարձակումն անկասկած գաղտնի գործողություն էր՝ ուղղված Թեհրանի և Իսլամաբադի միջև լարվածություն ստեղծելուն։ Վաշինգտոնը վաղուց է ձգտում ապակայունացնել Պակիստանը, բայց երբ նրան չհաջողվեց հասնել այդ նպատակին, փորձեց ապակայունացնել ողջ տարածաշրջանը, որպեսզի շեղի միջազգային հանրության ուշադրությունը Աֆղանստանից իր ելքից, համարում է Լոդհին։

Ահաբեկչական իսլամիստական տարբեր կազմակերպությունների հետ ԱՄՆ-ի կապի մասին Իրանը խոսում է բնավ ոչ առաջին անգամ։ 2014թ. ամռանից Իրանն աշխարհում առաջինը և բոլորից հաճախ է խոսում այն մասին, որ հենց ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայություններն են ստեղծել ԻՊ խմբավորումը, ինչպես նաև հովանավորում են մեկ այլ ահաբեկչական կազմակերպության՝ «Ալ-Ղայիդային»։ Այս անգամ իմ սևեռուն ուշադրությունը գրավեց ամերիկյան ստի մեկ այլ մերկացում, որ վերջին օրերին հնչեցրեց Թեհրանը։ Փետրվարի 22-ին «Tasnim News» գործակալությունը հաղորդեց, որ հայտարարություններով հանդես է եկել Իրանի ԻՀՊԿ «Կոդս» հատուկ նշանակության ստորաբաժանման փոխհրամանատար, բրիգադային գեներալ Էսմայիլ Կաանին (հիշեցնեմ, որ «Կոդսի» հրամանատարը լեգենդար գեներալ-մայոր Կասսեմ Սոլեյմանին է, որին ամերիկացիներն ու իսրայելցիները երազում են սպանել)։ Էսմայիլ Կաանին ընդգծել է, որ ԱՄՆ-ի իշխանությունների հավաստիացումներն այն մասին, թե Իրաքում և Աֆղանստանում ռազմարշավների ընթացքում ամերիկացիների կորուստները կազմել են մոտ 5 հազար զինվոր և քաղաքացիական մասնագետներ, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ պատերազմներում Միացալ Նահանգների կրած իրական կորուստները պաշտոնական վիճակագրության թվերից 2,5 անգամ ավելին են։

«ԻՀՊԿ-ն հավաստի տեղեկութուններ ունի, որոնք վկայում են այն մասին, որ Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան բանակի կորուստները երկուսուկես անգամ գերազանցում են ԱՄՆ-ի պաշտոնական վիճակագրության տվյալները և կազմում ավելի քան 12 000 մարդ»,- մեջբերելով իրանցի գեներալի խոսքերը, հաղորդել է «Tasnim News» գործակալությունը։

Ամերիկացիների ներխուժումն Իրաք և Աֆղանստան, ինչը Վաշինգտոնի վրա 7 տրիլիոն դոլար նստեց, գեներալ Կաանին անվանել է «հարված հենց ԱՄՆ-ին», ընդգծելով, որ այդ փաստը հետագայում ընդունեցին նաև իրենք՝ ամերիկյան պաշտոնյաները։

հիշենք նաև, որ դեռևս 2014թ. փետրվարին բրիգադային գեներալ Էսմայիլ Կաանին մեկնաբանելով իրավիճակի զարգացումը Սիրիայում, դարձյալ մերկացնում էր Վաշինգտոնին, ասելով, որ ԱՄՆ-ը նախկինում չէր կարողանում արդարացնել իր ագրեսիվ գործողությունները, ներխուժումներն այս կամ այն երկիր, ինչպես նաև հակաիրավական այլ ակցիաները։ Այդժամ ԱՄՆ-ում հորինվեց «ահաբեկչություն» տերմինը, ինչը լրջորեն ազատություն տվեց Վաշինգտոնի ձեռքերին։ Ցանկացած երկիր կարող է մեղադրվել ահաբեկչությանը սատարելու մեջ և ներխուժումն այնտեղ, ԱՄՆ-ի թելադրանքով, արդարացված կլինի, ասել է 5 տարի առաջ գեներալ Կաանին, ընդգծելով, որ Սիրիան ԱՄՆ-ի հերթական զոհն է։

Փնտրելով զուտ ամերիկյան տվյալներն Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հակաահաբեկչական պատերազմների» ընթացքում կորուստների մասին, պարզեցի, որ 2018թ. նոյեմբերին ամերիկյան Բրաունի համալսարանը հրապարակել է զեկույց, որում հաշվարկված են Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի և իր դաշնակիցների բանակների կորուստները։ Համաձայն փաստաթղթի, ԱՄՆ-ի բանակը առավելագույն կորուստներ է կրել Իրաքում, որտեղ զոհվել են 4550 ամերիկյան զինծառայողներ։ Աֆղանստանում կորուստները գրեթե երկու անգամ ավելի քիչ են եղել՝ 2401 մարդ։ Ընդ որում, Պենտագոնը անվերադարձ կորցրել է 21 քաղաքացիական մասնագետ։ ԱՄՆ-ի դաշնակից երկրները կորցրել են 1464 զինծառայող։ Իրանի տեղեկությունների համեմատումը կորուստների մասին պաշտոնական տվյալների հետ, որ Վաշինգտոնը տրամադրել է իր և համաշխարհային հանրությանը, անհրաժեշտ և յուրաժամանակ է թվում։ Հիշեցնեմ, որ ներկայումս էլ մեր զինծառայողները պաշտպանում են ամերիկացիների թիկունքը Աֆղանստանի առնվազն երկու օդանավակայաններում՝ Կունդուզում ու Մազարի-Շարիֆում։ Եվ երկար ժամանակ մեր զինծառայողները գտնվում էին նաև Իրաքում, փաստացի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրամանատարության տակ։ Եթե Վաշինգտոնը թաքցնում է Աֆղանստանում ու Իրաքում զինվորական օկուպացիոն ուժերի և քաղաքացիական մասնագետների տված կորուստները, ապա ի՞նչ երաշխիք, որ Իրաքում ու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «խաղաղարար գործողություններին» մասնակցելիս չեն զոհվել նաև Հայաստանի քաղաքացիներ։ Օրինակ, Աֆղանստանից իրենց զինծառայողների մեծաթիվ դիակներ էին տանում և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը…

Եվ այսպես, ԱՄՆ-ը ստել և ստում է Աֆղանստանում և Իրաքում իր ռազմարշավային գործողությունների և օկուպացիայի ընթացքում զինվորականների ու քաղաքացիական անձանց կորուստների մասին։ Աստված մի արասցե, բայց մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ժամանակի հետ տհաճ զարմանք կապրենք, եթե հանկարծ «հետին թվով» հրապարակվեն Աֆղանստանում ու Իրաքում ամերիկացիների գործողությունների մասնակցած հայ զինվորականների կորուստները…

 

Սերգեյ Շաքարյանց