Արցախյան հակամարտության վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար

Հովհաննես Իգիթյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ

 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը մարտի 1-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Անտոն Ֆրիզենի հետ: ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Զրուցակիցները խոսել են հայ-գերմանական բարեկամական ջերմ և բարձր մակարդակի հարաբերություններից, ինչպես նաև կարևորել միջխորհրդարանական երկարատև հարաբերությունների կայունությունը: Հովհաննես Իգիթյանն արժևորել է Գերմանիայի դերակատարությունը մեր երկրի ժողովրդավարական, իրավական և տենտեսական բարեփոխումների հարցում. խորհրդարանականները համոզմունք են հայտնել, որ այն կշարունակվի նոր թափով:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդար և թափանցիկ անցկացմանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Հովհաննես Իգիթյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը` կարևորելով Արցախի մասնակցությունը բանակցություններին: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով` հակամարտության վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար: Կողմերը կարևորել են խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումը:

Բունդեսթագի պատգամավոր Անտոն Ֆրիզենը համոզմունք է հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովում ևս խորհրդարանական բարեկամական խմբերն ակտիվ կաշխատեն և կնպաստեն փոխշահավետ համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում:

Հովհաննես Իգիթյանը խոսել է նաև Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունից` այս հարցում կարևորելով գերմանական փորձի ուսումնասիրումը և կիրառումը, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում: