ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցությունները ձախողվել են Թրամփի չափազանցված պահանջների հետևանքով

Փետրվարի 28-ի առավոտյան Վիետնամի մայրաքաղաք Հանոյում կայացել է ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի երկրորդ հանդիպումը:

«Լավ զրույց ենք ունեցել Կիմի հետ, սակայն միջուկային համաձայնություն կնքելու հարցում չենք շտապում»,- Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո ասել է Դոնալդ Թրամփը:

Հանդիպման սկզբում պատրաստակամություն հայտնելով բանակցությունների շարունակման կապակցությամբ, Հյուսիսային Կորեայի առաջնորդն ասել է, որ իր բոլոր ջանքերը գործադրելու է՝ լավագույն արդյունքի հասնելու համար: Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի բանակցությունների 2-րդ շրջանի նախնական փուլը կայացել էր դեռ չորեքշաբթի գիշեր: Հանդիպումը տևել է 2 ժամ: Կողմերը նախ ներկա են գտնվել 20 րոպե տևողությամբ նիստին, այնուհետև պաշտոնական ընթրիքի ընթացքում զրուցել միմյանց հետ:

Ինն  ամիս առաջ երկու պետությունների ղեկավարները հանդիպել էին Սինգապուրում: Այդ նիստի արդյունքը Կորեական թերակղզու միջուկային զինաթափման համաձայնությունն էր, սակայն Սինգապուրի համաձայնությունից մի քանի շաբաթ հետո, անտեսելով կայացած համաձայնությունը, ԱՄՆ-ը երկարաձգեց Հյուսիսային Կորեայի դեմ սահմանած պատժամիջոցները:

Նախատեսված էր, որ Հանոյի ժամանակով երեկ երեկոյան կողմերը պետք է ստորագրեին Հանոյի բանաձևը, սակայն, ըստ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի հայտարարության, ԱՄՆ-ի չափազանցված պահանջները բանակցությունների ձախողման պատճառ են դարձել:

«Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայից պահանջել է փակել իր գիտական և ատոմային հետազոտությունների կենտրոնները, ինչին Հյուսիսային Կորեայի առաջնորդը բացասական պատասխան է տվել»,- ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը մամուլի ասուլիսում նշել է. «Չնայած ատոմային և հրթիռային փորձարկումները դադարեցնելու Փխենյանի առաջարկին, ամերիկյան կողմը ցանկություն է հայտնել, որպեսզի Հյուսիսային Կորեան դադարեցնի նաև գիտական ու միջուկային ոլորտներում իր բոլոր հետազոտությունները»:

Լի Յոն Հոն հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է փակել Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտները միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը վերացնի Փխենյանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, մինչդեռ Միացյալ Նահանգները չի համաձայնել նույնիսկ այդ պատժամիջոցները մեղմելուն:

«Հանոյում կայացած հանդիպման ժամանակ Փխենյանը կոչ է արել նվազեցնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն ամերիկյան կողմը բացական պատասխան է տվել»,- ասել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը:

Նա հավելել է, որ Փխենյանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունենալու, եթե ԱՄՆ-ն առաջարկի առաջիկայում ևս բանակցություն անցկացնել: