Սմարթֆոնների տերերին սպառնում են ինտերնետ–թրաֆիքը և սարքի լիցքը «խժռող» վիրուս

Անցած տարի փորձագետները հրապարակել են վիճակագրություն, համաձայն որի, Android-ի հիմքի վրա արտադրվող ոչ թանկարժեք սմարթֆոններում տարիներ շարունակ զետեղվել է վնասաբեր ծրագրային ապահովում։

Փորձագետները հայտնաբերել են ցանցային խարդախների մի խումբ, որոնք ծածուկ ծախսում են Android դյուրակիր սարքերից օգտվողների ինտերնետ-թրաֆիքը։ Խարդախների ընկերությունը կոչվում է «DrainerBot»։

Հակերներին հաջողվել է վնասաբեր ծածկագիր ներդնել հարյուրավոր հավելծրագրերում։ Համակարգչային ծրագիրը գործի է գցում սքողված գովազդը, հիմնականում տեսահոլովակները։ Այս մասին հաղորդել է Moat-ը։ Բջջային հավելածրագրերի մշտական աշխատանքն ու տեսանյութերի ցուցադրումն ամեն ամիս օգտագործում է մինչև 10 գիգաբայթ թրաֆիք։ Բացի այդ, սարքի լիցքը շատ արագ սպառվում է նույնիսկ այն դեպքում, եթե հավելածրագիրը բաց չէ։ Ընդ որում, օգտվողը կարող է անտեղյակ մնալ իր գաջեթի վարակվածության վերաբերյալ, քանի որ այդ մասին ծանուցում չի լինում էկրանին։

Վարակված հավելածրագրերի ցանկում մասնագետները նշել են հետևյալները. Solitaire: 4 Seasons (Full), VertexClub, Perfect365, Touch ‘n’ Beat – Cinema և Draw Clash of Clans.

Վնասաբեր ծածկագրի առկայության գլխավոր ախտանշաններն են սմարթֆոնի կամ պլանշետային համակարգչի գերտաքացումը և մարտկոցի լիցքի արագ սպառումը։ Սարքի տիրոջը պետք է զգոնացնեն նաև հաճախակի վերաբեռնումներն ու աշխատանքի դանդաղումը։ Վարակված հավելածրագրերը չարամիտներն օգտագործում են դիտումներ հավաքելու և կեղծ վիճակագրություն ստեղծելու համար։ Գովազդի իբր արդյունավետ տարածման համար հակերները մեծ գումարներ են ստանում։