Հայաստանին և Արցախին պարտադրում են թուրքի փեսա Մեթյու Բրայզայի ստեղծած ծրագիրը

Արդեն հանգամանորեն ներկայացրել եմ, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) ԱՄՆ-ի կողմից նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը սկսեց բացահայտ ստել՝ Արցախի վերաբերյալ իր անձնական ծրագիրն անվանելով «Լավրովի ծրագիր», թեև մեկ տարի առաջ նույն ինքը կտրուկ ժխտում էր, թե ընդհանրապես իրականության մեջ գոյութուն ունի այդպիսի փաստաթուղթ։

Հայրենասեր հայերի և հայուհիների բողոքի զանգվածային ակցիան, որը տեղի ունեցավ փետրվարի 26-ին, անձամբ ինձ ստիպեց ևս մեկ անգամ անդրադառնալ այն թեմային, թե 22 տարի շարունակ ինչով էր զբաղված ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Արդեն 2017 թվականից ԳԱՂՏՆԻՔ ՉԷ, որ ԵԱՀԿ ՄԽ-ի ներսում ԱՄՆ-ը հենց Ադրբեջանի և պանթուրքիստների գործակալն է։ Կոչ եմ անում աշխարհի բոլոր հայերին, այդ թվում նաև՝ ամերիկաբնակ, ուշադիր կարդալ հետևյալը։ Ահա հատված այն փաստաթղթից, որ կազմվել է ԱՄՆ-ի նախագահի աշխատասենյակում, 1997թ․ օգոստոսի 1-ին, Ադրբեջանի և ԱՄՆ-ի նախագահներ Հեյդար Ալիևի և Բիլ Քլինթոնի բանակցությունների արդյունքներով։ Ով ցանկանում է, կարող է անձամբ համոզվել, ահա հղումը։ Սկսելով սրանից, ցանկացած մարդ կարող է հասնել սկզբնաղբյուրին։

Հեյդար Ալիև. «Ձեր վերընտրվելը նոր ժամկետում՝ մեծ հաջողություն է։ Մենք ակնկալում ենք, որ Դուք կձեռնարկեք նոր քայլեր՝ խորացնելու համար ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները, և կօգնեք Ադրբեջանին լուծել այն խնդիրները, որոնց բախվել է։ Կովկասյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։ Ես գիտեմ, որ Դուք նայում եք այդ ուղղությամբ, բայց անհրաժեշտ է արագացնել այդ գործընթացը»։

Բիլ Քլինթոն. «Հուսով եմ, որ մենք կկարողանանք արագացնել այդ գործընթացը։ Մենք տպավորված ենք այն առաջընթացով, որ Դուք արձանագրել եք ձեր երկրում չափազանց դժվարին պամաններում… Հուսով եմ, այն կշարունակի ամրապնդվել, և կարծում եմ, որ Կոնգրեսն ավելի բաց կդառնա Ադրբեջանի նկատմամբ, քանի որ դուք առաջընթաց եք ցուցաբերում ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման գործում։ Եվ եթե մեզ հաջողվի լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ես կարծում եմ, ոչ մի սահմանափակում չի լինի, որպեսզի մեր երկրների միջև հարաբերությունները խորանան։ Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ես գիտեի, որ Ձեր երկրին սպասում է լավ ապագա՝ շնորհիվ էներգետիկ պաշարների և աշխարհագրական դիրքի, որ զբաղեցնում է Ադրբեջանը։ Ձեր ընդունած որոշումները լուրջ ազդեցություն կգործեն Ադրբեջանի և տարածաշրջանի ժողովուրդների վրա։

Հեյդար Ալիև. «Դուք իրավացի եք։ Մեզ հաջողվել է Ադրբեջանում ստեղծել քաղաքական և հասարակական կայունություն։ Ժողովրդավարական զարգացումը, շուկայական տնտեսությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը գործընթացներ են, որոնք շարունակվում են։ Մենք արդեն իրագործում ենք այդ քաղաքականությունը, և դա մեր երկրի ռազմավարական ուղին է։ Ադրբեջանի համար ամենից բարդ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։ Ես Ձեզ ներկայացրել եմ մանրամասները մեր նախորդ հանդիպման ընթացքում։ Այդ մենք ցանկացանք, որ ԱՄՆը դառնա Մինսկի խմբի համանախագահ։ Մենք շատ մեծ ջանքեր ներդրեցինք այդ հարցում։ Ադրբեջանի համառությունը հանգեցրեց երեք համանախագահների ձևաչափին։ Մենք ձեզ վստահում ենք առավել, քան մեկ ուրիշին, և կարծում ենք, որ ԱՄՆը կկարողանա ավելի կարևոր դեր խաղալ, քան մեկ ուրիշը։ Ադրբեջանում նույնիսկ երեխաներն են հավատում նախագահ Քլինթոնին» (ընդգծումը՝ հեղինակինը)։

Եվս մեկ հիշեցում. ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դարձավ հենց 1997թ․ ձմռանից, 1996թ. դեկտեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ հակահայկական գագաթնաժողովից գրեթե անմիջապես հետո։ 1996թ․ դեկտեմբերին և 1997թ․ ձմռանը Հայաստանում իշխում էին ՀՀՇ-ն և Լևոն Տեր-Պետրոսյանը, Հեյդար Ալիևն էլ այն ժամանակ Տեր-Պետրոսյանի զրուցակիցներից մեկն էր՝ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ։

Նույնիսկ այն, ինչը 2017 թվականին «Ամերիկայի ձայնը» անվանեց «Հոգլանդի ծրագիր», իրականում ոչ այլ ինչ է, քան «Բրայզայի ծրագիր»։ ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում կար ամերիկացի ևս մեկ համանախագահ՝ թուրքի փեսա Մեթյու Բրայզան։ Տասնչորս տարի շարունակ կոչ եմ անում Հայաստանի և Արցախի հասարակայնությանը՝ ուշադրություն դարձնել և մշտապես հիշել, որ այն հակահայկական դրույթները, որոնք, սկսած 2005-2006 թվականներից, հնչեցրել է թուրքի փեսա, ԱՄՆ-ի կիսահետախուզական կառույցի՝ Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության գծով ծրագրերի տնօրեն, թրքուհի Զեյնո Բարանի ամուսին, հակահայկական դրույթների հեղինակ Բրայզան, ըստ էության, հիմք դարձան ձևավորելու չարաբաստիկ «Մադրիդյան սկզբունքները»։ Իրականում այդ «սկզբունքներն» Ադրբեջանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի դիրքորոշման արտացոլումն են, այլ ոչ թե այն որոշակի պահանջների, որոնք առաջադրել են Հայաստանն ու Արցախը կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքում, սկսած դեռևս 1992 թվականից։ Ահա և ստացվում է, որ ինչպես էլ կոչես ադրբեջանամետ ծրագիրը՝ Հոգլանդի թե Բրայզայի, իրականում մեր վզին են փաթաթել Հեյդար Ալիևի ծրագիրը, որն ԱՄՆ-ը դեմ տվեց Հայաստանին և Արցախին, ներկայացնելով որպես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Վաշինգտոնի պաշտոնական տեսակետ։

Ի դեպ, Զեյնո Բարանի մասին 2011թ․ գրում էին, թե չի բացառվում, որ նա առնչություն ունի «Էրգենեկոն» թուրքական ազգայնամոլական գաղտնի խմբին։ Այնպես որ, մտածե՛ք, հատկապես ԱՄՆ-ի հայ քաղաքացիներ․․․

 

Սերգեյ Շաքարյանց