Լրատվամիջոցները կարող են զրկվել իրենց անվճար տարածքներից․ արդարությունը վերականգնելու փո՞րձ, թե մամուլի հետապնդում

Փետրվարի 26-ին Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված մի շարք լրատվամիջոցներ ահազանգ հնչեցրեցին, որ Երևանի քաղաքապետարանից կողմից որոշակի ժամանակահատվածով իրենց անհատույց տրամադրված տարածքները լքելու մասին ծանուցումներ են ստացել։

Այդ ծանուցումների մեջ նշված  է, որ «համայնքային սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման նպատակով, ելնելով Երևան համայնքի շահերից, ներկայումս Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքների օգտագործման հիմնավորվածության հարցը, որի շրջանակներում նախատեսվում է դադարեցնել տարածքների անհատույց օգտագործումը և քննարկել վարձակալության սկզբունքով դրանց հետագա օգտագործման նպատակահարմարության հարցը»։ Քաղաքապետարանից  առաջարկվել է ծանուցումը ստանալու պահից մեկ ամիս անց հնգօրյա ժամկետում ազատել տարածքը։

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խմբագրության տարածքն իրենց անվարձահատույց տրամադրելու մասին պայմանագրի ժամկետը լրանում է 2019թ․ դեկտեմբերի 31-ին, բայց քաղաքային իշխանությունները միակողմանիորեն մտադիր են խզել այդ պայամանագիրը և խմբագրության աշխատակազմին թողնել փողոցում։ Հղում է արված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածին, որի համաձայն, «Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել գույքի անհատույց օգտագործման պայմանագրից` մեկ ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին, եթե ծանուցման այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրով»:

«Ավագանու որոշմամբ մեր տարածքը երկու տարով անհատույց տրամադրվել է մեզ՝ «Հրապարակ» օրաթերթին,- ասաց օրաթերթի խմբագիրը։- Դրանից առաջ ևս նման պայմանագրեր են գործել և ժամանակ առ ժամանակ պայմանագրի ժամկետները երկարացվել են կամ նոր պայմանագրեր ենք կնքել։ 2009 թվականից մենք այս տարածքում ենք՝ տասը տարի։ Եվ հիմա, պարզվում է, նոր իշխանությունները չեն կարող հնադուրժել լրատվամիջոցների հանդեպ պետական հոգածությունը և ուզում են մեզ էլ հավասար դաշտի մեջ դնել այլ ոլորտում գործող ընկերությունների հետ, որոնք իրենց գործունեությունից շահույթ են ստանում և ի վիճակի են իրենց համար տարածքներ վարձակալել։ Մինչդեռ, մամուլը, կարծում եմ թերթի նախկին գլխավոր խմբագիր վարչապետը գիտի, իր գործունեությամբ մեծ շահույթներ չի ստանում»։

Լրատվամիջոցի հանդեպ նման քայլ անելն Արմինե Օհանյանը պատահականություն չհամարելով, ասաց, որ քաղաքապետարանը, որը ներկա իշխանությունների կամակատարն է, այս ձևով ամենևին էլ փորձ չի անում արդարությունը վերականգնելու և բոլոր ընկերություններին հավասար դաշտում դնելու։  Ըստ նրա, այս ամենում լրատվամիջոցներին ճնշելու միտում կա։

Պատահական չէ, որ իշխանության գալով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով թիրախավորում է ընդդիմադիր լրատվամիջոցներին և անգամ սպառնալիքներ հնչեցնում, այժմ նա անցել է իր սպառնալիքների իրականացմանը՝ փորձելով տնտեսական պատժամիջոցներով լռեցնել ազատ մամուլը։

«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ պետությունը սուբսիդիաներ է տրամադրում լրատվամիջոցներին, հարկերից է ազատում, տպագրական դրամաշնորհներ են տրամադրվում,- ասաց մեր զրուցակիցը։- Իսկ մեզ այսօր ուզում են այդ մի արտոնությունից էլ զրկել։ Ի՞նչ է փոխվել։ Փաստորեն Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանությունը մամուլի և ժողովրդավարության արժեքն ավելի լավ էր հասկանում, քան նոր իշխանությունները։

Նախկին իշխանությունների և կառավարությունների օրոք թերթին տնտեսապես նեղ վիճակում դնողն անմիջապես մեղադրվում էր ազատ խոսքը ճնշելու մեջ։ Նոր իշխանությունների ժամանակ թերթերի վիճակն ավելի վատթարացավ։ Լրագրող վարչապետը կարծես ամեն ինչ անում է իր նախկին կոլեգաների վիճակը ծանրացնելու համար։ Եթե նախկինում պետական մարմինները հաճախ բաժանորդագրվում էին ազատ մամուլին, որոշակի մշտական եկամուտ ապահովելով թերթերի համար, Փաշինյանի կառավարությունը նոր գործառույթներ հաղորդեց իր տեղեկատվության կենտրոնին, ընդլայնեց վերջինիս հաստիքակազմը, և ահռելի աշխատակազմ ամեն օր մամուլ ու «ֆեյսբուք» է կոնսպեկտավորում, ուղարկում նախարարություններ, և ազատ մամուլի բաժանորդագրությունն ինքնին անիմաստ է դառնում։ Հիմա էլ անցել են այս մեթոդին»։

Գլխավոր խմբագրի հավաստմամբ, ինքը մտադիր է բողոքարկել Երևանի քաղաքապետի որոշումը, բայց մինչ այդ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ հիմքերով է այն կայացվել։

«Պահանջում ենք քաղաքապետից մանրամասն հիմնավորել, թե ո՞ր օրենսդրական ակտերով են ղեկավարվել՝ մեզ տարածքն ազատելու պահանջներ ներկայացնելիս, ինչպե՞ս են պատկերացնում մեզ անխուսափելիորեն պատճառվող իրական վնասի չափը և այն հատուցելու պատասխանատվությունը, հասկանո՞ւմ են արդյոք, որ այդպիսի հապճեպությունն ու ոչ իրավաչափ նախաձեռնությունն աղերսներ ունի զանգվածային լրատվության միջոցների հետապնդման հետ, գիտակցո՞ւմ են, որ «Հրապարակին» տարածքից վռնդելը հանրության կողմից ընկալվելու է որպես կառավարությանը մշտապես քննադատող լրատվամիջոցին լռեցնելու քայլ»,- ասաց Արմինե Օհանյանը։

Բուզանդի նշված հասցեում է գործում նաև «Անդին» գրական ամսագիրը, որի գլխավոր խմբագիրը գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն է։ Տարածքը խմբագրությանը տրամադրվել է ոչ թե անվարձահատույց, այլ խորհրդանշական գումարի դիմաց, այսինքն՝ ամսագրի  ղեկավարությունը որոշակի վճարով վարձակալում է տարածքը։

Ամսագրի պոեզիայի և երիտասարդության բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենց պայմանագրի ժամկետը ևս ավելի ուշ է լրանալու՝ 2020 թվականին, բայց իրենք ծանուցում են ստացել, որ մեկ ամիս հետո հնգօրյա ժամկետում ազատեն իրենց հատկացված տարածքը։

«Դեռ մեզ համար անհասկանալի է, թե ինչ միտումով է սա արվում, գուցե բյուջեն լցնելու խնդիր ունեն և ցանկանում են այստեղ գործող գրասենյակներին շուկայական գներով տրամադրել տարածքները, այլ ոչ թե անվճար կամ որոշակի խորհրդանշական գումարով,- ասաց Անի Տեր-Գուլանյանը։- Բայց այդ դեպքում գրական ամսագիրը, որն այսօր իրացվելու խնդիր ունի, չի դիմանա այդ ֆինանսական ծանրաբեռնվածությանը և կդադարի գործել։

Մինչդեռ, պետությունը մշակութային քաղաքականության շրջանակներում պետք է շահագրգռված լինի որոշակի արտոնություններ տալու նման նախաձեռնություններին, հանդեսներին, ամսագրերին և խրախուսելու նրանց գոյությունը։ Մեզանում, ցավոք, այժմ հակառակն է արվում։ Ամսագիրն արդեն մի քանի ամիս է լույս չի տեսնում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նոր որոշման պատճառով։ Ժամանակին նախարարությունը բաժանորդագրվում էր, ստանում ամսագիրը և բաժանում իր իրավասության տակ գործող կառույցներին։ Բայց նոր նախարարը որոշեց այլևս չբաժանորդագրվել։ Այսինքն՝ ամսագիրն արդեն ճգնաժամային վիճակում էր, և այս նոր որոշումը, հնարավոր է, նպաստի, որ խմբագրությունը դադարեցնի գործունեությունը»։

Անի Տեր-Գուլանյանի համար անհասկանալի է՝ եթե քաղաքապետարանը մտադիր է  վերանայել տարածքներն անվարձահատույց կամ փոքր գումարով վարձակալության տալու պայմանները, ապա ինչո՞ւ է շտապում մարդկանց, մեղմ ասած, դուրս հրավիրել այն տարածքներից, որտեղ իրենք տարիներով գործունեություն են ծավալել։

«Արդյոք հնարավոր չէ՞ր վերանայման պայմանները հստակեցնել, այնուհետև մեզ տեղեկացնել այդ մասին և հայտնել, թե մենք ի՞նչ պայմաններով  կարող ենք շարունակել այդ տարածքում մնալ,- ասաց մեր զրուցակիցը։- Երևանի քաղաքապետարանի այս հապշտապությունը մտածելու տեղիք է տալիս, որ հիմնական նպատակը լրատվամիջոցներին կենտրոնում տեղակայված տարածքներից դուրս բերելն է»։

Նույն հասցեում գտնվող «Հայելի» ակումբի հիմնադիր-նախագահ Անժելա Թովմասյանն ևս հակված է մտածելու, որ քաղաքապետարանի նշված քայլը հալածանք է լրատվամիջոցների նկատմամբ, ինչն անհարիր է ժողովրդավարության մասին բարձրաձայնող իշխանություններին և աններելի։ Ըստ նրա, եթե հարցը չլուծվի և խմբագրությունների, մամուլի ակումբների հետ, այնուամենայնիվ, շարունակեն վերջնագրերի լեզվով խոսել, իրենք դատական կարգով կբողոքարկեն քաղաքային իշխանությունների որոշումը։

«Ես խոստանում եմ, որ նրանք այս ամենը հեշտ չեն մարսելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Մենք փորձեցինք խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ նաև Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ ասացին, որ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասն բացատրություն ու պարզաբանում է տեղադրել։ Իսկապես, Հակոբ Կարապետյանն անդրադառնալով լրատվամիջոցների ղեկավարաների ահազանգին՝ ֆեյսբուքյան իր էջում  գրել է․ «Մամուլում այսօր շրջանառվում է տեղեկատվություն, թե քաղաքապետի որոշմամբ, իբր, «Հրապարակ» օրաթերթին և այլ լրատվամիջոցների «վտարում են զբաղեցրած տարածքից»: Այս կապակցությամբ ուզում եմ միանգամից նշել, որ քաղաքապետարանը որևէ սուբյեկտի, այդ թվում, հատկապես, որևէ լրատվամիջոցի, զբաղեցրած տարածքից վտարելու մտադրություն չունի»:

Ըստ քաղաքապետի մամուլի քարտուղարի, խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանը համայնքային սեփականություն հանդիսացող գույքի առավել արդյունավետ կառավարման նպատակով օրերս ծանուցումներ է ուղարկել մի քանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք տարածքներ են զբաղեցնում համայնքին պատկանող շինություններում՝ անհատույց օգտագործման կամ վարձակալության հիմունքներով:
Մասնավորապես՝ ս.թ. փետրվարի 21-ին ծանուցումներ են ուղարկվել Բուզանդի փողոցի 1/3 հասցեում տարատեսակ գործունեություն իրականացնող 27 իրավաբանական և ֆիզիկական անձանց: Դրանց թվում են շահույթ հետապնդող կազմակերպություններ՝ բանկեր, տպարաններ, սննդի օբյեկտներ, լրատվամիջոցներ, ինչպես նաև շահույթ չհետապնդոդ անձինք ու կազմակերպություններ, ՀԿ-ներ, քաղաքական կուսակցություններ, կառավարական հիմնարկներ, լրատվամիջոցներ և այլն։

Հակոբ Կարապետյանը նշել է, թե քաղաքի իշխանությունն այս տարածքների հարցում խնդիր ունի՝ որոշակիացնելու օգտագործման պայմաններն այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ: Օրինակ, «Հրապարակ» օրաթերթը կամ «Ա1+» հեռուստաընկերությունն իրենց զբաղեցրած տարածքներն օգտագործում են անհատույց, բայց մեկ այլ լրատվամիջոց՝ «Հետքը», նույն շենքում գտնվող իր տարածքը վարձակալում է: Հենց այս անհավասար, անարդար վերաբերմունքն էլ, ըստ քաղաքային իշխանության ներկայացրած պարզաբանման, իրեն ստիպել է վերականգնել արդարությունը և բոլորի համար հավասար խաղի պայմաններ սահմանել։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է․

«Գործընթացի արդյունքում կսահմանվեն օգտագործման օպտիմալ ձևերը և պայմանները»:

Ուղարկված՝ պայմանագրից հրաժարվելու ծանուցումները, այսպիսով, ընդամենը սկիզբն են նշված գործընթացի, որի նպատակը հավասար պայմանների ստեղծումն է՝ տարածքը անհատուց կամ վարձակալությամբ օգտագործելու դեպքերում: Ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման, այսինքն, ստորև բերված փաստաթղթերում նշված «ծանուցումն ստանալու պահից (փետրվարի 21-ից) մեկ ամիս անց՝ հնգօրյա ժամկետում տարածքն ազատելու» դրույթը ինքնաբերաբար չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը: Ըստ մշակված չափորոշիչների, յուրաքանչուր դեպքով կկայացվի որոշում»:

Իսկ թե որոնք են օգտագործման օպտիմալ՝ ասել է թե արդյունավետ պայմանները, քաղաքապետարանից չեն հստակեցրել։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, նրանք կարող են օպտիմալ համարել լրատվամիջոցների, մամուլի ակումբների համար իրենց տարածքների օգտագործման համար վարձակալության բարձր վճար սահմանելը, որի դեպքում, բնականաբար, այդ լրատվամիջոցները կընկնեն ֆինանսական լրացուցիչ բեռի տակ։ Ու որքան էլ Երևանի քաղաքապետարանից պնդեն, թե գործընթացը լրատվամիջոցների աշխատանքի պայմանները վատթարացնելու կամ, առավել ևս, «ի պատասխան քննադատության», լրատվամիջոցին քաղաքական հետապնդման ենթարկելու հետ որևէ աղերս չունի և չի կարող ունենալ, տարածքից զրկվելու սպառնալիքի առաջ հայտնված լրատվամիջոցի ներկայացուցիչները, համենայն դեպս, մեր զրուցակիցներն այլ կարծիքի են:

Հիշեցնենք,, որ մեզ հետ զրույցում Անի Տեր-Գուլանյանը նշել էր, որ իրենք տարածքի վարձ տվել են, սակայն իրենց ևս տարածքը լքելու մասին ծանուցում է ուղարկվել, ուստի խմբագրությունում կարծում են, որ խնդիրը ոչ թե բոլորի համար միասնական մոտեցում սահմանելն է, այլ այդ տարածքներից հնարավորինս ավելի շատ օգուտ ստանալը՝ հետագայում դրանց ավելի բարձր վարձավճարով տրամադրելով նրանց, ովքեր կհամաձայնեն վճարային նոր պայմաններին։

Ի դեպ, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը մեկնաբանելով քաղաքապետի մամուլի քարտուղարի գրառումը, դրա ներքո գրել է, որ նշյալ տարածքներն ավագանու որոշմամբ են անհատույց տրվել լրատվամիջոցներին: ԶԼՄ-ների զգալի մասին տարածքային հատկացումները երկարաձգվել են նախորդ գումարման ավագանու օրոք, ինչին «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկել:

«Թե որքանով է արդարացված, որ ավագանու կողմից տրվածը քաղաքապետի կողմից, առանց ավագանու ներգրավվածության, հետ վերցվի, կքննարկենք առաջիկայում… »,- գրել է Դավիթ Խաժակյանը։

Ի դեպ, նշենք, որ Բուզանդի 1/3 հասցեից բացի, իրենց անվարձահատույց կամ ցածր վճարով տրամադրված տարածքներից զրկվելու խնդրի առաջ են հայտնվել նաև Արշակունյաց 2 (Մամուլի տանը) և Իսահակյան- 28 հասցեներում գործունեություն ծավալող լրատվամիջոցներն ու մամուլի ակումբները։ Նրանք նույնպես ծանուցումներ են ստացել, բայց ոչ թե Երևանի քաղաքապետարանից, այլ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեից, քանի որ նշված հասցեներում գտնվող շինությունները նշված կոմիտեի իրավասության տակ են։

Մամուլի տանը գործող «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար Հովհաննես Գրիգորյանը մեզ հետ խոսելիս ասաց, որ ինքն իր տարածքի համար մինչև օրս գումար է վճարել։

«Երկու ամիս առաջ տեղեկացել էի, որ հնարավոր է վարձավճարի փոփոխություն լինի, ավելի թանկանա, ուստի դիմում էի ներկայացրել պետական գույքի կառավարման կոմիտե՝ խնդրելով, որ ինձ ևս այլ լրատվամիջոցների ու ակումբների հետ հավասար պայմաններ ապահովեն ու տարածքն անվարձահատույց տրամադրեն կամ էլ գոնե վարձի չափը չբարձրացնեն՝ որպես մամուլի ներկայացուցչի և հասարակական կազմակերպության նախագահի,- ասել է  Ինձ պատասխանել էին, որ իրենց մոտ այդ հարցով այժմ քննարկումներ են և նոր որոշում պետք է կայացվի, ասել էին նաև, որ գործընթացը կձգվի մինչև մարտ։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ և, փաստորեն, այժմ բոլորիս ծանուցումներ են եկել մեր տարածքներն ազատելու մասին»։

Ըստ Հովհաննես Գրիգորյանի, նախնական որոշմամբ լրատվամիջոցներին, մամուլի ակումբներին անվճար կամ փոքր վարձով տրամադրված տարածքները հետագայում աճուրդով կտրամադրվեն վարձակալության նպատակով, և ով պատրաստ կլինի բարձր գին վճարել, նրան էլ տարածքը կտրամադրվի։ Նա ևս մտահոգություն հայտնեց, որ իրենց ստացած շահույթով այդ վարձավճարը հնարավոր չի լինի տալ, և մասնավորապես իր մամուլի ակումբը դժվարությունների առջև կհայտնվի։

Նշենք, որ Երևանի խնդրո առարկա հատվածում՝ Մամուլի տանը և հարակից շենքում, 30 քմ տարածքի վարձակալության վճարը 100-150 հազար դրամ է։ Ամեն ամիս խմբագրություններն ու ակումբները կդժվարանան այդքան գումար հատկացնել, եթե հաշվի առնենք, որ այսօր նրանցից որոշների հովանավորների թիվը կտրուկ նվազել է։

Մենք խնդրահարույց ծանուցումների առնչությամբ պարզաբանում խնդրեցինք նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեից։ Կոմիտեի մամուլի բաժնից մեզ ասացին, որ իսկապես փոփոխություններ են նախատեսվում Մամուլի տանը և Իսահակյան- 28 հասցեում տեղակայված գրասենյակներին, խմբագրություններին, ակումբներին անվարձահատույց տարածքներ տրամադրելու կարգում։ Փոփոխություններն ավելի հստակ կլինեն առաջիկայում։ Քանի դեռ քննարկումներն ավարտված չեն և վերջնական որոշում կայացված չէ, մեզ կոմիտեից չկարողացան պատասխանել՝ անվարձահատույց կարգով գրասենյակները շահագործած տնտեսվարողներն ու ֆիզիկական անձինք հետագայում ի՞նչ պայմաններով կարող են նույն տարածքում շարունակել իրենց աշխատանքը։

«Որպեսզի այդ գործընթացը որևէ մեկի դժգոհությունը չհարուցի, առաջիկայում հանդիպում է նախատեսվում այդ տնտեսվարողների, անձանց և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ,- հայտնեցին մեզ կոմիտեի մամուլի բաժնից։- Հանդիպաման ժամանակ կքննարկվեն նոր մոտեցումները, որից հետո ավելի հստակ կլինեն նրանց տրամադրվող պայմանները»։

Հիշյալ բաժնից, այդուհանդերձ, ասացին նաև, որ որևէ իրավաբանական, ֆիզիկական անձի հետ նախկին պայմանագրերի ժամկետները չեն երկարացվի, քանի որ տարածքների անվարձահատույց տրամադրման կարգի մեջ պետք է փոփոխություն արվի։

Հավանաբար այդ լրատվամիջոցների համար նույնպես կգործեն նույն պայմանները, որոնք այլ վարձակալների համար են գործում։ Ինչպես մեզ տեղեկացրեցին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, իրենց իրավասության տակ գտնվող տարածքները սովորաբար աճուրդով են տրվում վարձակալության։ Համենայն դեպս, վերջին տարիներին այդպես է եղել․ պետական տարածքների վաճառքն ու վարձակալությունն իրականացվել են աճուրդով։ Լրատվամիջոցների առջև ևս աճուրդին մասնակցելու խնդիր կդրվի՞ արդյոք, դեռ պարզ չէ։

 

Թագուհի Ասլանյան