ԱՄՆ-ը պատրաստվում է Վենեսուելայում ռազմական միջամտության․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեկ անդրադառնալով հարավամերիկյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Վենեսուելայում ռազմական միջամտության։

«Կոլումբիայում և Պորտուգալիայում զինուժ տեղակայելու ԱՄՆ-ի քայլերը վկայում են, որ ամերիկացիները պատրաստվում են ռազմական միջամտություն իրականացնել Վենեսուելայում»,- ասել է Նիկոլայ Պատրուշևը։

Միացյալ Նահանգները վերջին շաբաթների ընթացքում իր դաշնակիցների հետ աջակցելով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Գուայդոյին, փորձում է հեղաշրջում իրականացնել այդ երկրում, սակայն տեսնելով, որ իրենց ջանքերն արդյունք չեն տալիս, նախապատրաստվում է ռազմական միջամտության։

Ռուսաստանը մինչ այժմ բազմիցս զգուշացրել է Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության հավանականության կապակցությամբ: Սակայն սա առաջին անգամն է, երբ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան բացահայտորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստվում են գործողություն իրականացնել՝ Վենսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու նպատակով:

Վենեսուելայի կառավարությունն ունի հակաամերիկյան ուղղվածություն և ԱՄՆ-ը փորձում է այդ երկրում հաստատել իրենից կախվածության մեջ գտնվող ու վերահսկելի իշխանություն: