ԱԺ նախագահն անդրադարձել է Բաքվի հակահայկական միջոցառումներին ռուսների մասնակցությանը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել  ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի 453-րդ նիստում։ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, նա իր ելույթում մասնավորապես ասել է․

«Հարգելի Վալենտինա Իվանի, հարգելի գործընկերներ, հարգելի ընկերներ, նախևառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ ունենալու հնարավորության համար:

Հաճույքով կօգտվեմ այս հնարավորությունից` շարունակելու համար երկխոսությունը, որն ինտենսիվորեն իրականացվում է մեր պետությունների ղեկավարների մակարդակով, աջակցելու և ամրապնդելու այն մեր երկրների միջև երկկողմ միջխորհրդարանական համագործակցության մակարդակում, և հնարավորինս նպաստելու շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, տարածաշրջանային վարչակազմերի, ինչպես նաև գործարար մակարդակում և ոչ պակաս կարևոր` մարդասիրական ու մշակութային առումով հետագա արդյունավետ զարգացմանը:

Ուղղակի անմիջական և անկեղծ երկխոսություն, որն ուղղված է փոխըմբռնման և փոխադարձ վստահության ամրապնդմանը, հնարավոր բոլոր հարցերի քննարկումներին, փոխշահավետ լուծումներ փնտրելուն և բացառապես բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը: Անկեղծ բարեկամական երկխոսություն, որն առանձնահատուկ նշանակություն է ստանում այն հանգամանքի լույսի ներքո, երբ իրենց լոբբիստական հետաքրքրությունները բավարարելու համար և մեր երկրների լրատվական դաշտում կասկածելի մանիպուլյացիաներ օգտագործելով, որոշ շրջանակների կողմից փորձ է արվում խեղաթյուրված ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, կեղծ լույսի ներքո թյուրիմացություն և անորոշություն սերմանել՝ դրանով իսկ թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային ասպարեզում և բարձրացնելով մեր պետությունների խոցելիությունն արտաքին մարտահրավերներին:

Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել. նման փորձերն ավելի քան ապարդյուն են և ի սկզբանե դատապարտված են լիակատար ձախողման, քանի որ մեր դարավոր հարաբերությունների մեջ սեպ խրելն անհնար է, քանի որ մեր երկրների և ժողովուրդների մերձեցման երկարաժամկետ հիմքերը, նախադրյալներն ու պատճառները քաղաքական իրավիճակի և որոշ շրջանակների այսրոպեական նեղ շահադիտական հետաքրքրություններից վեր են կանգնած: Այս առումով ուզում եմ ընդգծել, որ միայն մենք ձեզ հետ միասին կարող ենք որոշել երկկողմ հարաբերությունների օրակարգը, և մենք կշարունակենք դա անել՝ ելնելով պատմականորեն ձևավորված փոխադարձ հոգևոր և մշակութային մտերմությունից, մեր ժողովուրդների համակրանքի ու բարեկամության, մեր պետությունների փոխադարձ երկարաժամկետ շահերից:

Եվ ղեկավարվելով այդ բարձր առաջնահերթություններով՝ ժողովրդի կամքով և պետության շահով, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ես անհրաժեշտ եմ համարում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում ևս մեկ անգամ հնչեցնել և ամրագրել այն թեզը, որը բազմիցս մեր կողմից, 2018 թ. ապրիլից սկսած, ասվել է բոլոր մակարդակներում և տարբեր առիթներով. «Ռուսաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ են Հայաստանի համար, Հայաստանը Ռուսաստանին համարել և համարում է իր ռազմավարական գործընկերը, մեր հարաբերությունների հետագա ամրապնդումը և այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների հաղթահարումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է»:

Այս ընկալումը, այս հայեցակարգն արտացոլված է ՀՀ Ազգային ժողովի կողմից օրերս հաստատված կառավարության հնգամյա ծրագրում, ինչը, իհարկե, վերը նշվածի վառ վկայությունն է:

Հարգելի ընկերներ, hայ-ռուսական համագործակցության առանցքային կողմերից մեկը, ընդհանուր առմամբ աշխարհում և մասնավորապես Հարավային Կովկասի տարածաշրջանում, անվտանգության ապահովումն ու կայունության պահպանումն է: Մենք հանդես են գալիս հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեմ և ողջունում մեր երկրագնդի վրա ամուր խաղաղության և կայունության հասնելուն ուղղված նախաձեռնությունները: Այս առումով, ավելի լայն փոխգործակցության լույսի ներքո վերջին շրջանի օրինակ կարող է լինել Սիրիայի Արաբական Հանրապետություն մեր մասնագետների խումբ ուղարկելը: Սիրիա վերջերս ուղարկված հայկական մարդասիրական առաքելությունը ծառայում է բացառապես խաղաղության և կայունության խթանմանը՝ օգնելով սիրիացի ժողովրդին հակամարտությունից տուժած շրջաններում վերականգնելու կենսագործունեությունը: Շնորհակալ ենք ռուսական կողմին Հայաստանի առաքելությանը լոգիստիկ աջակցության տրամադրման, ինչպես նաև վերջին տարիներին մեր մարդասիրական օգնությունն այդ երկիր ուղարկելու կազմակերպմանն աջակցելու համար:

Վերոնշյալ մարդասիրական բաղադրիչն ավելի արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ աշխարհի հայերը հարգում են ավելի քան երեսուն տարի առաջ տեղի ունեցած սումգայիթյան գազանաբարո կոտորածի զոհերի հիշատակը, որը դարձավ հայերի, ռուսների և հրեաների դեմ ուղղված ծրագրի նախերգանքը՝ սկիզբ դնելով լայնամասշտաբ էթնիկ զտումների քաղաքականությանը: Դա հանգեցրեց Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և այլ քաղաքների հայ բնակչության զանգվածային արտագաղթին: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ առումներով բնական արձագանք էր հայ բնակչության ամբողջական ոչնչացման նպատակային քաղաքականությանը:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ որպես միջազգային հանրության օրինական մանդատ ունեցող միակ ձևաչափի: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Հարգելի բարեկամներ, պետք է ցավով արձանագրեմ, որ չնայած մեր երկրների միջև բարձր մակարդակի և դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին՝ ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ բառացիորեն երեկ դարձան վառ արտահայտված հակահայկական միջոցառման մասնակիցներ Բաքվում՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այս միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը:

Միաժամանակ մեր միջխորհրդարանական հարաբերություններում կարևոր դեր է խաղում և առանցքային օղակ է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության հանձնաժողովը: Տարիներ շարունակ հանձնաժողովն արդյունավետ հարթակ է ծառայել խորհրդարանականների, փորձագետների, երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների կառուցողական երկխոսության համար: Այսօր մենք հանձնաժողովին կարող ենք նոր լիցք հաղորդել և պատրաստել դրա թարմացված օրակարգը:

Հարգելի գործընկերներ, չեմ կարող չընդգծել բազմակողմ ռազմական համագործակցության և տնտեսական ինտեգրման ուղղությունները՝ ամրապնդված միջազգային ռազմաքաղաքական և տնտեսական կազմակերպություններում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և Եվրասիական տնտեսական միությունում մեր երկրների մասնակցությամբ:

Հատկանշական է, որ Հայաստանի Ազգային ժողովում հենց իշխող մեծամասնության նախաձեռնությամբ ստեղծվեց նոր՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովը, ի թիվս այլ հարցերի, կզբաղվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցմամբ, և սա ևս մեկ ծանրակշիռ օրինակ է, որը, ի դեպ, կարող է մեծապես ծառայել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար:

2019 թվականի հունվարի 1-ից մեր երկիրը նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, որոնք ներկայացված են Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականի հունվարի 25-ին ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում, ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են էներգետիկ ոլորտը, եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը, տնտեսության բարձր տեխնոլոգիական հատվածի զարգացումը և միության թվային օրակարգի լիարժեք իրականացումը, ֆինանսական հատվածի աճի և կայունության ապահովումը:

Վերը նշվածի լույսի ներքո կցանկանայի նշել, որ երկկողմ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է նաև միջտարածաշրջանային մակարդակով՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերի և Ռուսաստանի Դաշնության շուրջ 70 սուբյեկտների մասնակցությամբ: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ մենք ապակենտրոնացված արգասաբեր համագործակցության հետագա զարգացման համար չօգտագործված զգալի ներուժ ունենք:

Ամփոփելով՝ կարելի է վստահությամբ ասել, որ կան բոլոր նախադրյալները հայ-ռուսական հարաբերություններին նոր իմաստ և բովանդակություն հաղորդելու համար` հիմնված փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, փոխշահավետության և մշակութային ընդհանրությունների վրա՝ դառնալով մեր ռազմավարական գործընկերության ակնառու օրինակ: Դրա համար մեր երկու պետությունները պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրեն: Սա երկկողմանի երթևեկության փողոց է և այստեղ մեր առջև համատեղ ինտենսիվ ու պատասխանատու աշխատանքի համար լայն դաշտ է բացվում:

Եզրափակելով ելույթս՝ մեր պատվիրակության անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վալենտինա Իվանի, Դաշնության խորհրդի հարգելի անդամներին՝ ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Հուսով եմ, որ իմ այցը և ձեր ջերմ ընդունելությունը կդառնա երկու պետությունների հետաքրքրությունների շրջանակում մեր հարաբերությունների անխախտելիության ևս մեկ հաստատում:

Շնորհակալություն ուշադրության համար»։