Գերեվարված Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարի ազատազրկման

Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ «Ռազմ.info»-ի տեղեկացմամբ, այս մասին գրել է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշված է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։

Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են՝ կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ, հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում, հանցագործություն՝ ուղղված հանրային անվտանգության դեմ, հանցագործություն՝ ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ, հանցագործություն՝ ուղղված կառավարման կարգի դեմ։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբրև թե Ղազախի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձերբակալել է հայ դիվերսանտի: Այնուհետև պարզ դարձավ, որ գերեվարվածը սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ․ ծնված Կարեն Ղազարյանն է:

ՀՀ ՊՆ-ից հայտարարել են, որ քաղաքացին չի ծառայում և երբեք չի ծառայել հայկական զինված ուժերում: