«Սա վարչապետի կողմից իջեցված հրահանգ է»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն «Հայելի» մամուլի ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող (և ոչ միայն․․․) մի շարք լրատվամիջոցների խմբագրություններին ուղարկված ծանուցման մասին, ըստ որի, պետք է 5 օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքները, նշեց, որ երեկ զանգահարել է քաղաքապետարան, բայց իրեն ասել են, թե քաղաքապետը զբաղված է, և մինչ այժմ էլ չեն զանգահարել իրեն։

«Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Դավիթ Խաժակյանը ճիշտ նկատեց, որ այս ծանուցումով ոտնահարվել է ավագանու որոշումը, այսինքն՝ սա ապօրինի գործընթաց է»,- ասաց Ժուռնալիստների միության նախագահը։ Սեյրանյանն ընդգծեց, որ նախքան նման քայլի դիմելը, քաղաքապետարանը նախ պետք է խորհրդակցեր խմբագիրների հետ։

«Սա մամուլի նկատմամբ դիտավորյալ  քայլ է- համոզված է Սաթիկ Սեյրանյանը։- Իշխանությունը հավատարիմ է իր որդեգրած սկզբունքին, այն է՝ անհանդուրժողական վերաբերմունք քննադատական խոսքի վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում