ԻԻՀ և ՀՀ իրավապահները ուրվագծել են համագործակցության նոր ուղղություններ (տեսանյութ)

Փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: ՀՀ ոստիկանության լրատվականն ծառայության տղեկացմամբ, ողջունելով հյուրերին, ոստիկանության պետի առաջին տեղակալը կարևորել է երկու պետությունների միջև ամուր բարեկամական հարաբերությունները: Դրա շնորհիվ է նաև, որ սերտ համագործակցություն կա Հայաստանի և Իրանի իրավապահների միջև:

ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ամփոփել Հայաստան կատարած երկօրյա աշխատանքային այցը:

ՀՀ ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար կազմերի հետ արդյունավետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր և ուրվագծվել համագործակցության նոր ուղղություններ:

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ու ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին ստորագրել են Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անվտանգության համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը: