Գրուշկոն հայտարարել է Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի հավանական ելքի մասին

Մոսկվան չի բացառում Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը, եթե ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ռուսաստանյան պատվիրակության իրավունքները չվերականգնվեն լիովին և առանց ջանքերի։ Այդ մասին «Իզվեստիա»-ին հաղորդել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Դիվանագետի խոսքերով, որոշումը մեծապես կախված կլինի «ռուսաստանյան պատվիրակությանը լիազորություններից զրկողների» դիրքորոշումից։

«Մենք հիմք ենք ընդունում այն, որ եթե կան բարի կամքն ու այն ըմբռնումը, որ Եվրոպայի խորհուրդը պետք է մնա Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն ընկած տարածքում երկրներ միավորող կազմակերպություն, ապա ելք պետք է գտնվի»,- ընդգծել է Գրուշկոն։

ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրություններին Մոսկվայի մասնակցությունը նույնպես մնում է հարցականի տակ։ Դիվանագետի խոսքերով, եթե քվեարկությունն անցնի առանց Ռուսաստանի, ապա դա սպառնում է ԵԽ ճգնաժամի խորացմամբ։

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկեցին 2014 թվականին՝ ՌԴ-ի կազմում Ղրիմի ներառման պատճառով։ Այդուհետ սահմանափակումները շարունակ երկարաձգվել են։ 2017թ․ ՌԴ իշխանությունները որոշեցին դադարեցնել անդամավճարի մուծումները։ Մինչ այդ Մոսկվան Եվրոպայի խորհրդի բյուջեի խոշորագույն դոնորներից մեկն էր, ամեն տարի դրան փոխանցելով 30 մլն եվրո։