Արցախում նոր քաղաքական ուժ է ձևավորվել՝ Արցախի պահպանողական կուսակցություն

Հարգելի՛ բարեկամներ, ընկերներ,
Սիրելի՛ արցախցիներ,

Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս և ամեն մեկիս հետ: Յուրաքանչյուր հայրենասեր և գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման և պաշտպանության գործին:
Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր կառույցներում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ակտիվորեն ներգրավված լինելով նաև հասարակական-քաղաքական ու գիտակրթական կյանքում՝ ես նույնպես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից:
Երկար մտորումներից հետո, ինչպես նաև քաջալերվելով բազմաթիվ ընկերների և համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը:
Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն դրականը, մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք արձանագրվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այդ ամենին մեր ժողովուրդը հասել է իր քաջ զավակների թափած արյան ու բազում զրկանքների գնով, հասել է իր քրտնաջան աշխատանքի, անսասան հավատքի և անսպառ լավատեսության շնորհիվ: Մենք պարտավոր ենք պահպանել այդ բոլոր նվաճումները:
Միևնույն ժամանակ, նոր հասարակական-քաղաքական կյանքը, աշխարհաքաղաքական գործընթացները դինամիկ կերպով զարգանում են, ինչը պահանջում է համապատասխան ներուժով, արհեստավարժությամբ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված մարդկանց ներգրավումը երկրի քաղաքական կյանքին: Հենց այս հրամայականները հաշվի առնելով՝ մենք ուզում ենք ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման և զորացման գործում, պաշտպանել ժողովրդի շահերը՝ նոր գաղափարներ և մոտեցումներ կիրառելով պետականաշինության գործընթացում:
Այս համատեքստում պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու և Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետորեն իրականացնել մեր ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի:
Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների և հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն և արհեստավարժորեն դիմակայելը:
Մեզ համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը և ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են:
Մեր կարգախոսներից են՝ արհեստավարժությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը:
Ներքաղաքական կյանքում մենք որևէ մեկին դեմ չենք և որևէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարակության ցանկացած երկպառակտում ու բևեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է:
Հարգելի՛ հայրենակիցներ,
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ես պարբերաբար ուղիղ եթերների միջոցով ներկայացնելու եմ քաղաքական, տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական և այլ խնդիրների շուրջ մեր մոտեցումները: Ակնկալում եմ ակտիվ հետադարձ կապ և կառուցողական քննարկումներ:

David Babayan-ի ֆեյսբուքյան էջից

Հարգելի՛ բարեկամներ, ընկերներ, Սիրելի՛ արցախցիներ,Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման…

Опубликовано David Babayan Вторник, 26 февраля 2019 г.