Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների ղեկավարները տեսակետներ են փոխանակել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ (տեսանյութ)

Փետրվարի 25-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, գործընկերները բարձր են գնահատել պարբերաբար անցկացվող երկկողմ հանդիպումները՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ խթանելու երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում խորհրդակցությունների անցկացումը:

Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձել են դրա ակունքներին՝ ընդգծելով, որ այն ուղղված էր Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների, իր հայրենիքում ապրելու և ազատ արարելու անբեկանելի իրավունքի պաշտպանությանը:

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և համանախագահների հետ հանդիպումների, ինչպես նաև վերջերս եռանախագահների՝ Երևան կատարած այցի մանրամասները:

Զրուցակիցները փոխանակել են տեսակետներ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: