Չնայած կառավարության սպասելիքներին, նախորդ տարի 18 500 ՀՀ քաղաքացի լքել է Հայաստանը (տեսանյութ)

ՀՀ վիճակագրական կոմիտեի (ՎԿ) հրապարակած տվյալների համաձայն, 2017թ․ համեմատ, նախորդ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է 7600-ով։ Եթե 2017թ․ Հայաստանում բնակվում էր 2 մլն 972 700 մարդ, ապա 2018թ․ վերջին մեր երկրի բնակիչների թիվը նվազել է՝ հասնելով 2 մլն 965 100-ի։ Ընդ որում, հիմնական արտագաղթը եղել է Հայաստանի գյուղերից, մեծ մասամբ Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերից։

Եթե 2017թ․ ՀՀ գյուղերում ապրել է 1 մլն 76 900 բնակիչ, 2018թ․ վերջին նրանց թիվը նվազել է 1 մլն 70 600-ի, այսինքն՝ եղել է 6300-ով ավելի քիչ։ Ի դեպ, Երևանի բնակչության թիվն, ըստ ՎԿ-ի տվյալների, չի նվազել, հակառակը՝ աճել է․ եթե 2017-ին Երևանի մշտական բնակչությունը կազմել է 1 մլն 77600 մարդ, ապա այժմ մեր քաղաքում 2500-ով ավելի մարդ է ապրում, մայրաքաղաքի բնակչության ընդհանուր թիվը 2019թ․ հունվարի 1-ի տվյալներով հասնում է 1 մլն 80100-ի։ Կարելի է միայն ենթադրել, որ այդ աճն ապահովվել է կամ գյուղերից ու հանրապետության այլ քաղաքներից դեպի մայրաքաղաք մարդկանց արտահոսքով, կամ բնական հավելաճի շնորհիվ։

Ի դեպ, նախորդ տարի երկրից արտագաղթածների թիվն ավելի մեծ է եղել, քան 2017 և 2018թթ․ մշտական բնակչության թվի տարբերությունն է։ 18 500 ՀՀ քաղաքացի հատել է երկրի սահմանն ու այլևս չի վերադարձել, սակայն բնական հավելաճի շնորհիվ այդ բացասական սալդոն կրճատվել է ու կազմել 7600 մարդ։ Բնական հավելաճը նախորդ տարի կազմել է 10 900 և, փաստորեն, կրճատված բնակչության թիվը դրա շնորհիվ այդքանով համալրվել է։

Մանրամասները՝ տեսանյութում