Հաստատվեց 27 տարին լրացած, պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիների ՀՀ վերադառնալու ժամկետի երկարացման նախագիծը (տեսանյութ)

Այսօր ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հեղինակ, ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը առաջարկեց օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի մարտի 1-ը, ինչը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

Գորգիսյանի խոսքով՝ 2019թ.-ի մարտի 1-ն ավելի լայն հնարավորություն կտա նաև այն երիտասարդներին, որոնց 27 տարեկանը լրանալու է այս տարվա առաջիկա երեք ամսվա ընթացքում:

Նշենք, որ գործող օրենքով հնարավորություն է տրվում զինվորական ծառայությունից խուսափած այն անձանց, ում 27 տարեկանը լրանում էր մինչև 2017թ. վերջ, վերադառնալ Հայաստան, վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական հետապնդումից:

«Մարդիկ սպասում են, մի քանի տարի էլ դեռ կթաքնվեն, տարիքը  կլրանա, կգան, գումարը կմուծեն. այս հարցին վերջնական լուծում պետք է տալ,-ասաց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:- Ինչքան գիտեմ, 11 000 մարդ ունենք դրսում, հարցի լուծման համար երկար ժամանակ է պետք»։

Գորգիսյանը պատասխանելով Սասուն Միքայելյանի հարցին, ասաց, որ նախորդ կառավարության ժամանակ այս հնարավորությունը եղել է, և նրանք գնացել են ակնկալիքով, որ կարող են վերադառնալ:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն և մտավ առաջիկա քառօրյայի օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում