Ուսման հանդեպ սերը երեխաների մոտ ծնվում է հետաքրքիր ու բազմաբովանդակ դասապատրաստումից

«Ակութ» կրթական կենտրոնի հենց մուտքից ամեն ինչ այնքան տրամադրող է, որ ակամա հայտնվում ես գիտելիքների և իմացության աշխարհում: Պատերին փակցված պաստառներ՝  հայոց պատմության դրվագներով, ճանաչողական պաստառներ՝ հայ հերոսների նկարներով, մայրենի լեզվի, մաթեմատիկայի ուսուցողական պաստառներ: Ամենուր կրթական մթնոլորտ է: Ջերմ, լուսավոր ու հարմարավետ դասասենյակներ, գեղեցիկ կահավորում, փորձառու մանկավարժներ. այստեղ երեխաներին մնում է միայն սովորել, յուրացնել և հարստացնել գիտելիքները: Կենտրոնի անունն էլ պատահական ընտրված չէ, Ակութ նշանակում է՝ լույսի և ջերմության աղբյուր, որտեղից երեխաները կարող են գիտելիքներ ստանալ:

Ինչպես նշում է «Ակութ»-ի տնօրեն Հռիփսիմե Ներսիսյանը, կենտրոնի ստեղծման գաղափարը վաղուց կար, և, ի վերջո, կյանքի կոչվեց:

«Քանի որ այսօր դպրոցներում չի գործում ֆակուլտատիվ պարապմունքներ հասկացությունը, մենք փորձեցինք մեր կենտրոնի աշխատանքները ծառայեցնել դասապատրաստման նպատակով»,- ասում է Հռիփսիմե Ներսիսյանը:

«Ակութ» կենտրոնը գործում է 2018 թվականի սեպտեմբերի 17-ից, և արդեն հասցրել է ընդգրկել զգալի թվով աշակերտներ: Կենտրոնում դասավանդվում է հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն և այլ առարկաներ: Բացի այդ, լրացուցիչ գործում են շախմատի և նկարչության խմբակներ:

«Այս պահին դասապատրաստումներն անցկացվում են 1-5-րդ դասարանի երեխաների հետ: Ունենք նաև 4-6 տարեկան երեխաների նախադպրոցական խումբ, որոնց լիարժեք պատրաստում ենք և ճանապարհ հարթում դեպի դպրոց: Դասապատրաստումներն անցկացվում են երկու հերթով: Առաջին հերթով սովորող երեխաները կարող են հաճախել դասապատրաստումներին կեսօրին, ժամը 12:30-ից մինչև 18:00-ն, իսկ երկրորդ հերթով դպրոց հաճախող երեխաները՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն»,- նշում է կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ այդ ընթացքում երեխաները ոչ միայն ամբողջությամբ յուրացնում են օրվա թեման, այլև կենտրոնի փորձառու մանկավարժներից ստանում թեմային վերաբերող լրացուցիչ գիտելիքներ՝ հարստացնելով սեփական գիտելիքների բազան:

«Ակութ» կրթական կենտրոնում աշխատում են տարիների փորձ ունեցող մանկավարժներ, ովքեր դասապատրաստումներն անցկացնում են երեխաների համար ամենագրավիչ ու հետաքրքիր ձևով՝ հեշտացնելով յուրացվող նյութը: Ահա թե ինչու, երեխաներն «Ակութ» հաճախում են ոչ թե պարտադրաբար, այլ մեծ սիրով:

«Ակութ»-ում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները աշխատող ծնողների հոգսը թեթևացնելու համար: Կենտրոնն ունի հարմարավետ կահավորված հանգստի սենյակ, և ծնողների ցանկության դեպքում երեխաները կենտրոնում կարող են մնալ մինչև ժամը 18:30-ը: Հանգստի սենյակում ևս երեխաների հետ կզբաղվեն մանկավարժները՝ ուսուցողական խաղերի միջոցով հետաքրքիր դարձնելով անգամ հանգստի ժամերը:

«Ակութ» կենտրոնի փորձառու մանկավարժների, հետաքրքիր ու բազմաբովանդակ դասապատրաստումների և անհատական մոտեցման շնորհիվ յուրաքանչյուր երեխա կսկսի ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել ուսման նկատմամբ: «Ակութ»-ում  սիրով սպասում են բոլոր երեխաներին:

 

Yerevaklur.am