Աղջիկը, հավասարակշռությունը կորցնելով, վայր է ընկել, իսկ տաքսու վարորդը, նրա կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝ 20-ամյա բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 24-ամյա երիտասարդը, որն Արագածոտնի մարզի բնակիչ է, ծնված 1995թ․, և աշխատում է տաքսի ծառայությունում որպես վարորդ, 2018թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 23:45-ի սահմաններում նկատել է սուպերմարկետից դուրս եկող 20-ամյա աղջկան և վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ հետապնդել է նրան:

Իր մտադրությունն իրագործելու նպատակով, ժամը 00:05-ի սահմաններում շենքերից մեկի մուտքում թիկունքից մոտեցել է աղջկան, ձեռքով փակել վերջինիս բերանը, այդ կերպ նրան թույլ չտալով օգնություն կանչել: Աղջիկը, հավասարակշռությունը կորցնելով, վայր է ընկել, իսկ երիտասարդը, նրա կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, սակայն լսելով բնակարաններից մեկի դռան բացվելու ձայնը, դիմել է փախուստի:

Մինչդատական վարույթում ստացվել են սուպերմարկետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է 24-ամյա երիտասարդը հետապնդում 20-ամյա աղջկան:

Նախաքննության ընթացքում կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, որի ժամանակ աղջիկը ճանաչել է երիտասարդին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: