ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի հանդիպումներն Արիզոնա նահանգում

Փետրվարի 15–18-ն ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արիզոնա նահանգի Հայ Դատի գրասենյակի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրել են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից։

Փետրվարի 16-ին նահանգային մայրաքաղաք Ֆինիքսի հայկական կենտրոնում հայ համայնքի անդամների հետ տեղի ունեցած հանդիպմանը Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմաիրավական հիմքերը, բանակցային գործընթացի ներկա փուլը և պատասխանել մասնակիցների հարցերին: Նույն օրը տեղի է ունեցել Ռ. Ավետիսյանի հանդիպումը ՀՅԴ նահանգային խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները:

Փետրվարի 17-ին Սքոտսդեյլ քաղաքի Սբ  Աբգար հայկական եկեղեցում ԱՀ ներկայացուցիչը հանդիպել է հայ համայնքի անդամների հետ։ Ռ. Ավետիսյանն անդրադարձել է Արցախի պատմության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմնական փուլերին, երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացներին առնչվող հարցերին:

Փետրվարի 18-ին Արցախի ներկայացուցիչը, նահանգի Հայ Դատի գրասենյակի անդամների ուղեկցությամբ, հանդիպել է Արիզոնայի սենատի և ներկայացուցիչների պալատի 11 անդամների, այդ թվում՝ ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ռասել Բաուերսի հետ: Հանդիպմանը ներկայացվել են Արցախի մասին տեղեկություններ և հերքվել Ադրբեջանի կողմից հնչեցվող հակահայկական քարոզչական թեզերը: Ռ. Ավետիսյանը մասնակցել է նաև նահանգային Սենատի նիստին, որտեղ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախում պետականաշինության գործընթացին առնչվող մի շարք հարցերի։