Կինն իր ծանոթ տղամարդուն օգնելու համար հարևանի տանից գողություն է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, մեղադրանք է առաջադրվել 39-ամյա կնոջը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն, Արմավիրի մարզի բնակչուհին՝ ծնված 1979թ, 2018թ. սեպտեմբերին հեռախոսակապով ծանոթացել է նույն մարզի բնակչի հետ, ով արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում: Կինը տեղեկանալով, որ վերջինս ֆինանսական խնդիրներ ունի, որոշել է հարևանի տանից գողություն կատարել՝ նրան օգնելու համար:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 39-ամյա կինը նախկինում մի քանի անգամ իր հարևանուհուց, ով նաև նրա հեռավոր ազգականն է, պարտքով ոսկյա զարդեր է խնդրել՝ դրանք գրավադրելու նպատակով: Զարդերը վերցնելիս կինը նկատել է, թե որտեղ է հարևանուհին զարդերը պահում:

2018թ. նոյեմբերի 28-ին, ժամը 10:00-ի սահմաններում օգտվելով հարևանուհու՝ տանից բացակայելու և տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, կինը մուտք է գործել տուն և հափշտակել հարևանուհու ոսկյա զարդերը՝ վերջինիս պատճառելով ընդհանուրը 600 000 դրամ գումարի գույքային վնաս:

Նախնական քննությամբ պարզվել է, որ կինը զարդերի մի մասը գրավադրել է գրավատանը, որի դիմաց ստացված գումարով վճարել է ծանոթ տղամարդու պարտքը, իսկ  մնացած զարդերը՝ գրավադրել բանկում, որի դիմաց ստացված գումարի մի մասը դարձյալ տվել է իր ծանոթ տղամարդուն, իսկ մնացածը ծախսել իր կարիքների համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արմավիրի մարզի  39-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: