Ես շատ եմ ուզում, որ Արցախում ծանրամարտը զարգանա. Նազիկ Ավդալյան

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ՀՀ սպորտի վարպետ, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, որը տասնօրյա ժամկետով Արցախում է ԱՀ ծանրամարտի ասոցիացիայի հրավերով: Այս մասին տեղեկացրել է «Արցախպրեսը»։

Հանդիպմանը Ն. Աղաբալյանը ողջունել է Ն. Ավդալյանի այցն Արցախ: Նա ասել է, որ արցախցիները ևս միշտ հպարտացել են ծանրորդուհու հաջողություններով ու ձեռբերումներով: Նախարարն ընդգծել է, որ Ն. Ավդալյանն Արցախում շատ երկրպագուներ ունի:

«Դուք ձեր անցած ուղուվ ցույց եք տվել, որ պետք է ձգտել ու հասնել վերջնական հաղթանակի՝ կարողանալով հաղթահարել բոլոր փորձություններն ու անհաջողությունները,- մասնավորապես ասել է նախարարը:- Մենք սպորտը դիտարկում ենք ոչ միայն մարզումների միջոցով կոփվելը, այլև օլիմպիական սկզբունքների դաստիարակումը»:

Խոսելով Արցախում սպորտի զարգացման գործում վարվող քաղաքականության մասին, Ն. Աղաբալյանը տեղեկացրել է, որ շնորհիվ պետական քաղաքականության, վերջին տարիներին մարզական կյանքն Արցախում ավելի է աշխուժացել. արդյունքում՝ տարբեր մարզաձևերից Արցախն ունի խոստումնալի մարզիկներ:

«Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում Նազիկ Ավդալյանը նշել է, որ Արցախ գալու նպատակն արցախցի երեխաներին իր՝ մարզիկի և մարզչի փորձը փոխանցելն է:

«Ես շատ եմ ուզում, որ Արցախում ծանրամարտը զարգանա,- ասել է ճանաչված ծանրորդուհին:- Արցախում ես տեսնում եմ մարզիչներ, ովքեր նվիրված են իրենց գործին և շահագրգիռ են, որ այդ սպորտաձևը զարգացում ապրի. այդ ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացնում նաև ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը: Սպորտը մարդու մեջ բնավորություն է ձևավորում, կամքի ուժ, ձգտում դեպի վերջնական նպատակ: Սպորտում հաղթանակներ գրանցելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ են կամային որակներ, համապատասխան մարզագույք, հատուկ վերաբերմունք և խրախուսանքներ մարզիկներին: Պարզապես Արցախում կան մարզագույքի ձեռքբերման և մարզիչների խնդիրներ, որոնց լուծումը ևս կօգնի այս սպորտաձևի զարգացմանը: Արցախում կան խոստումնալի, հրաշալի երեխաներ: Հուսով եմ՝ այս սպորտաձևը կզարգանա այստեղ, և արցախցիները ևս մեծ հաջողություններ կգրանցեն»։

Այնուհետև  Ն. Ավդալյանն ընդգծել է, որ ինքը պարբերաբար լինելու է Արցախում և ամեն ինչով աշխատելու է օգտակար լինել արցախցի մարզիկներին:

Թղթակցի հարցին, թե կնոջ համար հե՞շտ է լինել սպորտի բնագավառում, Նազիկը պատասխանել է. «Ես համամիտ չեմ, որ ասում են՝ ծանրամարտը կոպտացնում է կնոջը: Մարզումների ժամանակ կարող ես լինել մարզիկ, իսկ տանը՝ կին, մայր: Ներկայումս ես ժամանակավորապես չեմ զբաղվում սպորտով»:

Հանդիպման վերջում Ն. Աղաբալյանը Նազիկ Ավդալյանին իր ընտանիքի հետ հրավիրել է այս տարվա հունիսի 4-15-ն Արցախում անցկացվելիք «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» առաջնությանը: Նա նաև խորհրդանշական նվերներ է հանձնել Նազիկ Ավդալյանին: