Եվրախորհրդարանի ՄՀ հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու առաջարկը

Եվրախորհրդարանի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է եվրաինտեգրման շուրջ Թուրքիայի հետ ընթացող բանակցությունները պաշտոնապես առկախելու վերաբերյալ առաջարկը։ Ermenihaber լրատվական կայքի տեղեկացմամբ, առաջարկն արվել էր Եվրախորհրդարանի (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրիի կողմից։

Փիրիի առաջարկը դրվել էր քվեարկության և ընդունվել  40 կողմ ու 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 10 մարդ ձեռնպահ էր մնացել։

2019թ. Թուրքիայի մասին իր կազմած զեկույցում Փիրին Թուրքիայում առկա կառավարման համակարգն անվանել է բացահայտ ավտոկրատական (ինքնակալական): Ըստ նրա, Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգի տակ է, ոտնահարվում են մարդկանց իրավունքները։ Նա հիշեցրել էր, որ Թուրքիայում  կալանավորված է շուրջ 50 000 քաղաքացի: Նրանց թվում կան իրավապաշտպաններ, լրագրողներ և քաղաքական գործիչներ։

«Թուրքիան որպես եվրաանդամակցության թեկնածու՝ արդեն անցել է կարմիր գիծը, ու դա պետք է ունենա քաղաքական հետևանք»,- շեշտել է Եվրախորհրդարանի պատգամավորը:

Քվեարկությունից հետո Փիրին ուշադրության է հրավիրել Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Փիրին հիշատակել է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած և այժմ թուրքական բանտում գտնվող Օսման Քավալային։ Նա անընդունելի է համարել այն, որ թուրքական իշխանություններն առանց մեղադրական եզրակացության բանտում են պահում Քավալային։

Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում մարտ ամսին կանդրադառնա միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ընդունած առաջարկին: Ի տարբերություն Եվրախորհրդարանի, Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն ողջունում Թուրքիայի հետ բանակցությունների առկախման առաջարկը: