«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը կփակվի և կկառուցվի նորը․ հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայության  տեղեկացմամբ, փոխնախարարը ներկայացրել է ռազմավարության առանցքային ուղղությունները՝ ընդգծելով, որ ներկայացվող ռազմավարությունը նպատակ ունի քրեակատարողական համակարգում պատժողական արդարադատությունից անցում ապահովել վերականգնողական արդարադատության:

Ի թիվս մի շարք նորամուծությունների, Սուրեն Քրմոյանը հանդիպման մասնակիցներին տեղակացրել է նաև, որ ռազմավարությունից բխում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի փակումը և նորի կառուցումը Աբովյան քաղաքում:

Ամփոփելով խոսքը, փոխնախարար Քրմոյանը հանդիպմանը մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորել է ակտիվ մասնակցել ռազմավարության նախագծի լրամշակման գործընթացին՝ ներկայացնելով գործուն առաջարկներ նախագծի ներածության, ռազմավարական ուղղությունների և դրանք իրականացնելու միջոցառումների վերաբերյալ:

Այնուհետև հաջորդել է մասնակիցների միջև հարցուպատասխանը: