Բացահայտվել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պետական սահմանի պահպանության և անձեռնմխելիությունն ապահովելու գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հերթական դեպք՝ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ։

Հայտնելով այս մասին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է․ «ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի ,Գոգավանե սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ, պաշտոնատար անձ հանդիսացող Գ.Պ-ն 2018թ. հուլիսի 20-ին սահմանապահ վերակարգի կազմում ծառայություն իրականացնելիս ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել ՀՀ պետական սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների սահմանային վերահսկողություն, իր ծանոթ Ն.Ա-ի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ,Տոյոտաե մակնիշի, 05 PL 050 համարանիշի ավտոմեքենայի սրահում թաքնված Ա.Ղ-ի կողմից հսկիչ-անցագրային կետով առանց սահմանային վերահսկողության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելուց, դա կանխելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել և սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ սահմանախախտի տվյալները չի մուտքագրել, դրանով իսկ օժանդակելով Ա.Ղ-ի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատելուն:

Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ պաշտոնատար անձ հանդիսացող Գ.Պ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-329 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելուն օժանդակելու համար, ով իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանական բնույթի ցուցմունքներ է տվել, իսկ Ն.Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-329 հոդվածի 1-ին մասով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն:

Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում սահմանախախտի գտնվելու վայրը պարզելու և վերջինիս պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։