Փարիզում հակասեմիտության դեմ բողոքի ակցիայի բազմագործառութային նշանակությունը

Փարիզում բավական ինտենսիվորեն ու հաջողությամբ կազմակերպվել և անցկացվել են հակասեմիտական դրսևորումների դեմ բողոքի ցույց և երթ, որին մասնակցել են մոտ 20 000 հոգի: Ֆորմալ առումով Ֆրանսիայի քաղաքացիներին հրամցվեցին ակցիայի անհրաժեշտության ու հրատապության հետևյալ դրդապատճառները. «դեղին ժիլետների» շարունակական գործողությունների ընթացքում այդ շարժման որոշ մասնակիցների կողմից հրեա ազգի նկատմամբ հնչեցված անհարգալից խոսքերը (որպես օրինակ ներկայացվում է ազգությամբ հրեա ինչ-որ ֆիլիսոփային ուղղված դեղին ժիլետավորի վիրավորանքը) և Էլզասի տարածքում հրեական գերեզմանաքարերի վրա գրված վիրավորանքն ու պատկերված նացիստական զինանշանը:

Ի՞նչ ազդանշաններ են այս դեպքում ուղարկվում ֆրանսիացուն (միգուցե՝ ոչ միայն նրան․․․):

Քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում, և յուրաքանչյուր հայտարարություն, առավել ևս՝ գործողություն ունի իր հիմնական ու ածանցյալ նշանակություններն ու թիրախները: Փորձենք ներկայացնել մի քանի նպատակային դրույթներ:

Ֆրանսիական ու եվրոպական լրատվամիջոցներն այս ակցիան ավելի հաճախակի ու հյութալի են լուսաբանում, քան նույն Ֆրանսիայի տարբեր քաղաքներում արդեն ամիսներ ընթացող և զոհերով ու ձերբակալություններով ուղեկցվող սոցիալ-քաղաքական բողոքի ակցիաները: Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող «դեղին ժիլետավորների» ակցիաներին վերջին շրջանում մասնակցում են ընդամենը մի քանի հազար բողոքականներ, մինչդեռ՝ հակասեմիտության դեմ ուղղված ակցիային 20 000-ը (այս թիվը շրջանառվում է ակցիան լուսաբանող բոլոր հրապարակումներում, շատ հրապարակումների նույնիսկ վերնագրերում): Տպավորություն է ստեղծվում, որ հակասեմիտությունը Ֆրանսիայի հասարակության մեջ գերազանցում է իր որակական ու քանակական բնութագրերով, ուստի այն ունի շատ ավելի մեծ հնչեղություն ու արդիականություն, իսկ տնտեսական ու սոցիալական խնդիրները, դե դա հե՛չ… մանրուք են:

Իրենց հերթին, երկրի նախկին ու գործող նախագահները, նույնպես հիմնվելով մասնակիցների քանակի վրա և անձամբ մասնակցելով տարբեր միջոցառումներին, շեշտեցին, որ հենց այս հարցը (հակասեմիտության դեմ պայքարը) պետք է «միավորի ֆրանսիական հասարակությանը, պաշտպանի Ֆրանսիական Հանրապետության սկզբունքներն ու արժեքները» (ի դեպ, այս անձանց մասնակցությունը հուշում է, որ հերթական անգամ հրեա ազգը «մեծ խաղի» կազմակերպիչն ու նախագծողը չէ, այլ ընդամենը իրականացման հարմար գործիքը):

Ամենևին պատահական չէ նաև գերեզմանաքարերի տեղակայման վայրի ընտրությունը՝ էլզասը: Չխորանալով Էլզասի պատմական անցյալի մանրամասների ու այս տարածքի իրական պատկանելիության խնդիրների մեջ, պարզապես հիշեցնենք, որ գերմանացիները դարեր շարունակ այն համարել են իրենց կենսական տարածքը, պայքարել են դրա համար, սակայն  համաշխարհային պատերազմների արդյունքում այն հանձնվել է Ֆրանսիային: Այժմ Էլզասում (որի կենտրոնը Ստրասբուրգն է՝ Եվրոպայի խորհրդարանական մայրաքաղաքը, ինչը ևս խորհրդանշային նշանակություն ունի քննարկվող իրադարձությունների համատեքստում) գերմաներեն լեզվով հաղորդակցվում է բացառապես տարեց բնակչությունը, իսկ գերեզմանաքարերի վրա իրենց «ստորագրությունը» դաջած «Սև գայլեր» նացիստական կազմակերպության մասին վերջին տեղեկատվությունն ունի արդեն 4 տասնամյակի պատմական վաղեմություն: Ակցիայի կազմակերպիչները հավանաբար հակասեմիտ կազմակերպության որոնումների մեջ ավելի հարմարը չեն գտել՝ շտապողականության կամ այլ պատճառով:

Հրեաների մոտ արդեն արմատավորվել է գենետիկական վախ նացիստ-գերմանացու հանդեպ, որպեսզի վերջինիս մասին ամեն մի հիշատակում սարսափ առաջացնի խաղաղասեր, բարեգութ ու միամիտ այլաբնակ հրեայի մոտ ու ստիպի նրան մտածելու «թռնելու պահի» մասին (վերջին հաշվով, Եվրամիությունը փլուզվում է, իսկ ի՞նչ ազգամիջյան ու միջպետական պատմական խնդիրներ կարող են արդիականացվել այդ ընթացքում ու դրանից հետո, միայն Աստված գիտե):

«Թռնելու պահի» մասին քարոզին անմիջապես ներգրավվեց նաև Իսրայելի աբսորբցիայի հարցերով նախարար Յ. Գալանտը, որը շտապեց ներկայանալ հետևյալ կոչով․ «Իսրայել պետությունը պաշտպանված ազգային տուն է ամբողջ աշխարհի հրեաների համար: Ես վճռականապես դատապարտում եմ հակասեմիտությունը Ֆրանսիայում և կոչ եմ անում հրեաներին՝ վերադարձե՛ք տուն, ներգաղթե՛ք Իսրայել»: Չէ՞ որ մեծ պատերազմի նախաշեմին հրեաներն ավելի պիտանի կլինեն հենց արաբներով շրջապատված Իսրայելում: Իսկ պատերազմից հետո նրանք «դուրս կգրվեն» Ֆրանսիայի վրա՝ համապատասխան փոխհատուցումներով:

 

Լևոն Անդրիասյան