2018թ. ընթացքում բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառվել է մոտ 84,9 մլրդ դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման ընդհանուր վիճակը:

Հայաստանի Հանրապետության դատախազության տեղեկացմամբ, պարզվել է, որ 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84 869 951 060 դրամ: Նշված գործերից 19 788 780 504 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 19 059 578 008 դրամը՝ ՀՀ պետական  եկամուտների կոմիտեի  քննչական վարչության, 11 893 702 087 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 34 127 890 461 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ: Վերջինի մեջ ներառված է նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23 553 817 000 դրամ վնաս հասցնելու փաստով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով արձանագրված վնասը:

Բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. ընթացքում վերականգնվել է 27 775 221 334 դրամը, իսկ շուրջ 6 922 245 802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Նշված գործերից 16 364 401 693 դրամը վերականգնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 8 544 256 013 դրամը՝ ՀՀ պետական  եկամուտների կոմիտեի  քննչական վարչության, 1 689 254 799 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 1 177 308 829 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:

Բացի դրանից, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում բացի պետությանը հանցագործությամբ պատճառված վնասից՝ պետական բյուջե է վճարվել շուրջ 2 644 052 550 դրամի տույժ-տուգանք:

Քրեական բազմաթիվ գործերով նախաքննությունն ավարտված չէ: Դրանց շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: