Մարտակերտում կբացվի Փարաջանովին նվիրված ցուցահանդես

Փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունենալու «Փարաջանով՝ մեծություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես և ֆիլմի դիտում:

Այս մասին տեղեկացրել է «Արցախպրես» լրատվական կայքը։ Կայքի թղթակցի հետ զրույցում Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն ասել է, որ միջոցառումը կազմակերպվում է «Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Կերպարվեստի պետական թանգարան» ստորաբաժանման և Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի ու երիտասարդության բաժնի հետ համատեղ:

«Ցուցահանդեսին ներկայացված կլինեն ուկրաինացի կինոռեժիսոր Յուրի Հարմաշի՝ Փարաջանովին նվիրված անձնական լուսանկարների բացառիկ նմուշներ,- նշել է Լ. Գասպարյանը:- Կցուցադրվի մեծ արվեստագետի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ: Միջոցառումը կազմակերպվում է Կերպարվեստի պետական թանգարանի` Փարաջանովի 95-ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում»։