Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում

Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։

Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։

1988թ․ փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում։

Այդ օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդն ընդունեց որոշում՝ միանալ Մայր Հայաստանին։

Նույն օրը Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք՝ ի պաշտպանություն արցախահայության արդար որոշման։

Այդ օրվանից անցել է ուղիղ 31 տարի և Արցախյան հիմնահարցը շարունակում է մնալ մեր հանրային ու քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը։

Նիկոլն ու իր իշխանությունը, ինչպես նաև նրա քաղաքական կնքահայր Տեր-Պետրոսյանը, հետևողաբար չեն ցանկանում նկատել, որ այս հարցի հայանպաստ լուծումից է կախված մեր հայրենիքի հետագա ճակատագիրը և կեղծ օրակարգեր են առաջ քաշում։

Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում։ Ավելին, Դուշանբեի վերելակն ու Դավոսի նախապես չպլանավորված, պատահական հանդիպումը դրա ապացույցն են։

Նիկոլի իշխանությունն ի զորու չէ սթափ գնահատել իրավիճակը։

Դատեք ինքներդ։

ԱՄՆ դեսպան Միլսը ուղիղ և բաց տեքստով խոսում է տարածքներ խաղաղության դիմաց ձեւակերպումից, Նիկոլն ասում է՝ հեռացող դեսպանի հայտարարություն է, Բոլթոնը Երեւանում ուղերձ է հղում հայ հանրությանը, ասում է՝ հրաժարվեք ձեր պատմական կաղապարներից, Նիկոլը լռում է, Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին, Նիկոլը նրան համարում է կիրթ և նորմալ անձնավորություն, ճիշտ այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանը:

Այս ամենը իբր քիչ էր, գումարվում է Նոր տարվա օրերին զինվորի սպանության փաստի կոծկումը, ինչին հաջորդում է պաշտոնական աղբյուրների ցինիզմը՝ վերջին 10 ամիսներին ընդունված ոճով՝ չհայտնելը թաքցնելը չի:

Կամ Փաշինյանն ինքն է մոլորության մեջ, կամ ինքն է մոլորեցնում ժողովրդին: Երկու դեպքում էլ օրակարգային է դառնում նրա հեռացումը պետական բարձրագույն պաշտոնից:

Հ.Գ. Ազգային արժեքային համակարգի հենքի վրա քաղաքական լայն համախմբումն այլընտրանք չունի: Պոպուլիզմը չպետք է տեղ ունենա իշխանության մեջ:

 

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից

Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։1988թի փետրվարի…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 19 февраля 2019 г.