Արցախի պատվիրակության հանդիպումը Հարավային Օսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Հարավային Օսիայի հայ համայնքի ղեկավար, «Բերդ» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Կուլիջանովի և համայնքի ներկայացուցիչների հետ: ԱՀ արտգործնախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, Արցախի ԱԳՆ ղեկավարին ներկայացվել են համայնքի գործունեության ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները։

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղություններից մեկը սփյուռքի կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումն է: Նա նաև նշել է սփյուռքում հայ ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացմանն օժանդակելու Արցախի իշխանությունների պատրաստակամության մասին:

Վլադիմիր Կուլիջանովը շնորհակալություն է հայտնել ԱՀ պատվիրակությանն այցի համար և հետագա համագործակցության ընդլայնման հույս հայտնել: