Չարաշահումների հերթական դեպքը կրթօջախում․ Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն, տնօրենը պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից խոշոր չափերի գումարներ հափշտակել, 2016թ․ հունվարից մինչև 2017թ․ դեկտեմբեր (ներառյալ) բանկոմատից անձամբ կանխիկացրել է աշխատակցի աշխատավարձի գումարը և յուրաքանչյուր ամիս առձեռն նրան տալով 20 000 դրամ, մնացած՝ խոշոր չափերով (ընդհանուրը՝ 1 849 664 դրամ) գումարը յուրացրել է:

Բացի դրանից, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով, տնօրենն աշխատանքային պայմանագրի մեջ ժամկետների վերաբերյալ  մտցրել է կեղծ տեղեկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենն ամբողջությամբ վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է դատարան: