Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցի առնչությամբ լռեցին և՛ ՀՀ արտգործնախարարությունը, և՛ վարչապետը

Հայաստանն իր անելիքը չարեց նաև Ադրբեջանի մասով, երբ հենց այնտեղ պետք էր սատկացնել Սաֆարովին

Այսօր լրանում է Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցը։ 2004թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը ամենայն դաժանությամբ կացնահարեց քնած վիճակում գտնվող 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։ Թեև Սաֆարովը ոճրագործությունից հետո ձերբակալվեց ու կանգնեց հունգարական դատարանի առջև, դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ զրկված լինելով 30 տարվա ընթացում ներման իրավունքից, այնուհանդերձ, Ադրբեջանն իր նավթադոլարներով կարողացավ հասնել նրան, որ Հունգարիան ոճրագործին արտահանձնի իրեն, իսկ հետո Սաֆարովի պատժի հետագա կրումն ապահովելու փոխարեն, նրան, ներման անվան տակ արդարացրեց, ազատ արձակեց, դարձրեց ազգային հերոս, բնակարան նվիրեց և այլն։

Իսկ ի՞նչ արեցինք մենք․․․ Ի՞նչ արեցին ՀՀ իշխանությունները, առաջին հերթին,  արտաքին գործերի նախարարությունը՝ այն ժամանակվանից առ այսօր։ Գրեթե ոչինչ, եթե չհաշվենք մի քանի հայտարարությունները և Հունգարիայի հետ հարաբերությունների ժամանակավոր խզումը, երբ իրականում Հունգարիայի հանդեպ շատ ավելի կոշտ վերաբերմունք էր անհրաժեշտ՝ Հայաստանում հունգարական ապրանքների վաճառքը բոյկոտելու պետական կոչից, դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելուց սկսած (ի դաս այլ պետությունների, որպեսզի մեկընդմիշտ իմանան, որ Հայաստանի շահերը չի կարելի ոտնահարել), մինչև ՆԱՏՕ-ից հաշիվ պահանջելը, քանի որ Մարգարյանը և Սաֆարովը Հունգարիայում նույն տեղում էին հայտնվել հենց ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում։

Ի՞նչ նկատի ունենք «ՆԱՏՕ-ից հաշիվ պահանջել» ասելով․․․ Քանի որ ՆԱՏՕ-ն իր իսկ կազմակերպած միջոցառման շրջանակում չէր կարողացել ապահովել մեր սպայի անվտանգությունը՝ նախապես ու շատ լավ իմանալով, որ տվյալ դասընթացի մասնակիցների թվում կան Հայաստանի ու նրա նկատմամբ և՛ պետական, և՛ ժողովրդի մակարդակով ծայրահեղ թշնամաբար տրամադրված Ադրբեջանի ներկայացուցիչներ կամ, թեկուզ, ներկայացուցիչ, Հայաստանը պետք է բողոքի նոտա կամ պաշտոնական բողոք ներկայացներ ՆԱՏՕ-ին և հայտարարեր, որ այլևս չի մասնակցելու ՆԱՏՕ-ի ցանկացած միջոցառման, քանի դեռ Հյուսիսատլանտյան դաշինքը, որպես Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց, չի բացառել իր ցանկացած միջոցառմանը Ադրբեջանի այս կամ այն ներկայացուցչի մասնակցությունը։

Հայաստանն իր անելիքը չարեց նաև Ադրբեջանի մասով, երբ անհրաժեշտ էր ԱԱԾ հատուկ ջոկատայինների, մեր բանակի փորձառու հետախույզների կամ համապատասխան փորձառություն ունեցող հայ կամավորների (վրիժառուների) միջոցով հենց Ադրբեջանում սատկացնել Սաֆարովին։ Ցավոք․․․Եվ հիմա, եկեք խոստովանենք, իրավունք չունենք զարմանալու, թե աշխարհն ու միջազգային հանրությունն ինչո՞ւ առ այսօր չեն տվել Գուրգեն Մարգարյանի սպանության իրավաքաղաքական գնահատականը։

Հոդվածն ավարտելուց առաջ (20։26-ին) ստուգեցինք, թե ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում որևէ հայտարարություն, հաղորդագրություն կա՞ Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցի առիթով, Ադրբեջանին ուղղված որևէ դատապարտում կա՞ ոճրագործի նկատմամբ պետական հովանավորչության կապակցությամբ, աշխարհի առաջատար պետություններին ու միջազգային հանրությանն ուղղված որևէ քննադատություն, կշտամբանքի խոսք կա՞ Գուրգեն Մարգարյանի սպանությանն իրավաքաղաքական գնահատականը չտալու առնչությամբ։ Բառ անգամ չկար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր վերոնշյալի առնչությամբ լռեց։ Ինչո՞ւ․․․ Մոռացե՞լ էր, թե որովհետև խոսելը կհակասե՞ր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Արևմուտքի պահանջին։ Սա՞ է նոր Հայաստանը․․․

 

Արթուր Հովհաննիսյան