Ռուսաստանի դեմ պատերազմ է սկսվել (տեսանյութեր)

ԱՄՆ-ը ձգտում է, որ Ռուսաստանում, ինչպես Երևանում Փաշինյանի առաջնորդությամբ, մարդիկ դուրս գան փողոց ու փոխեն իշխանությունը, ձգտում է նույն կերպ բորբոքել նաև Ռուսաստանի հասարակությանը։ Այս կարծիքին է «Ռաշա Թուդեյ» («Russia Today», RT) հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Փետրվարի 12-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ռուսաստանցի հայտնի լրագրող, հրապարակախոս, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում Մարգարիտա Սիմոնյանը սենսացիոն բացահայտում կատարեց․․․ Պարզվեց, որ Ռուսաստանը (և ոչ միայն․․․) ներսից կործանելը նախապատրաստվում է այստեղ՝ Հայաստանում։

Երևանում կազմակերպված «Camp Сamp» սեմինարի ընթացքում Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից ժամանած շուրջ 150 հոգու, հիմնականում երիտասարդների տարբեր հնարքներով, ներառյալ՝ սուտ, կեղծ տեղեկությունների զանգվածային ու պարբերական տարածմամբ իրենց երկրներում օրինական իշխանություններին տապալելու, հեղաշրջման դասեր են տրվել։

Դասեր տվողների շարքում է եղել նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը: Ամենայն հավանականությամբ՝ Մարգարիտա Սիմոնյանը, հավանաբար, հենց նրան էր ակնարկում՝ հայտնելով, որ դասընթացի շրջանակում իրենց փորձով են կիսվել հայաստանյան «հեղափոխության աստղերը»։

RT news-ի տեղեկությունների համաձայն, Մ. Զոլյանը խոսելով հեղափոխության համար գումարներ հայթայթելու մասին ու բարեկամաբար կիսվելով իր փորձով, մասնավորապես նշել է. «Գրանտ ստանալը բարդ չէ. մեկ ամսով կարելի է տեղավորվել Չեխիայում կամ «Ազատություն» ռադիոկայանում կամ որևէ քաղաքական կենտրոնում»։ Սեմինարի կազմակերպիչները նրան ներկայացրել են որպես «թավշե հեղափոխության այն նույն առաջամարտիկը»։ Նշենք, որ Միքայել Զոլյանը նաև Պրահայի քաղաքացիական կենտրոնի փորձագետ է։ Սեմինարի «հերոսներից» է եղել նաև Դավիթ Սանսարյանը, ներկայումս՝ ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության պետը։

Երևանում տեղի ունեցած «Camp Сamp» սեմինարի կազմակերպիչը Պրահայի քաղաքացիական կենտրոնն է եղել (Prague Civil Society Centre)՝ կազմակերպություն, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ից, 2017թ. օգոստոսի 2-ին ընդունված H.R. 3 364՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակներում։ Նորություն չէ, որ ԱՄՆ-ի ցինիզմն ու լկտիությունը սահման չունեն, այս դեպքում ևս Ռուսաստանի նախագահի, իշխանությունների և Ռուսաստանի դեմ բացահայտ թշնամական գործողությունն իրականացվել է իբրև ՌԴ-ի դեմ պատժամիջոց։ Իսկ ինչո՞ւ․․․ Հիշյալ փաստաթղթի 254-րդ հոդվածում ամրագրված է 2018 և 2019 թթ․ համար 250 000 դոլար ֆինանսավորման հատկացումը՝ «ռուսաստանյան ազդեցությանը հակազդելուն»։ Բացահայտ զրպարտություն, քանի որ Ռուսաստանը Հայաստանում, Ղազախստանում կամ որևէ այլ երկրում դասընթացներ չի կազմակերպել ու կազմակերպում (հիմա կարելի է ասել՝ շատ իզուր․․․)՝ ԱՄՆ-ի նախագահին և իշխանություններին տապալելու համար։

«Նշյալ «ռուսաստանյան ազդեցությունը», ըստ ԱՄՆ-ի քաղաքական գործիչների, տարածվում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ու ՆԱՏՕ-ի հավանական անդամների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Կոսովոյի և Սերբիայի վրա։

Հայաստանը պատահաբար չէ ընտրվել «Camp Сamp» սեմինարի անցկացման վայր։ «Թավշե հեղափոխությունից» հետո ԱՊՀ բոլոր երկրների ընդդիմադիրներին ձգում է Երևանը՝ որպես բողոքների ոգեշնչող աղբյուր։ Համահավաքն ուներ 150 մասնակից։

«Իշխանության դեմ պայքարը պետք է մոդայիկ լինի»,-սովորեցնում էր մասնակիցներից մեկը՝ պետերբուրգյան «Վրեմյա» շարժման ղեկավար Նիկոլայ Արտյոմենկոն։ Նրա «սխրանքներից» են Սահմանադրությունը հատիչով կտրատելը, Պուտինի լուսանկարներով կպչուկներ թողարկելը՝ «Բռնակալ» մակագրությամբ։

Մասնակիցները համարում են, որ պետք է գործել սոցցանցերում, որտեղ ցանկացած ոք կարող է լինել լրագրող, փորձագետ, քննադատ, հաղորդավար, և, ուրեմն, կարող է լինել նաև հեղափոխական։

Մասնակիցները չեն ամաչում նշել, որ պատրաստ են պայքարում ակտիվորեն օգտագործել կեղծ տեղեկատվության արտանետումն ու մանիպուլյացիան։ «Լուրեր կտարածենք, թե իշխանությունները պատրաստվում են հատել ծառերը,- ասում էին ակտիվիստները դահլիճի խրախուսական շշուկների ներքո։- Այո, վատ բան է, իհարկե, բայց եթե մարդկանց վախեցնես, թե իրենց ինչ-որ բանից զրկում են, միայն այդ ժամանակ նրանք կսկսեն հարցեր տալ կառավարությանը»։

Այն մասին, որ մասնակիցների տրանսպորտի, հյուրանոցի և սննդի ծախսերն արվում են ԱՄՆ պետբյուջեից, ոչ ոք չէր հիշատակում։

Երիտասարդ ակտիվիստներին բացատրում էին, որ քանի որ իրենք չեն կարող մրցել իսկական ԶԼՄ-ների հետ, ապա պետք է ուշադրությունը կենտրոնացնել սոցցանցերի վրա. «Օդնոկլասնիկի», «ՎԿոնտակտե», Facebook։ Գլխավոր խնդիրը՝ արձագանք առաջացնել, դրդել կիսվելու, ինչպես նաև բանավեճ սադրել մեկնաբանություններում։

Մասնակիցներից մեկը խոսափողով ոգևորված ասում էր, որ Երևան է եկել «հեղափոխությունն արտահանելու» համար։

Միջոցառման գլխավոր կազմակերպիչ Մարիա Սերեդան պատմում էր իշխանության դեմ պայքարի տարբեր ռազմավարությունների մասին և նշում այդ բնագավառում հաջողության հասած մի քանի կազմակերպություններ. «International Crisis Group» միջազգային ՀԿ-ն, որի գործադիր տնօրենը Ջորջ Սորոսն է, ինչպես նաև «Amnesty International»-ը։

Երիտասարդ ակտիվիստներին սովորեցնում են ճիշտ ընտրել լսարանը. մարդկանց, որոնք առավել ընկալունակ են լիբերալ արժեքների քարոզչության նկատմամբ։ «իրավապաշտպան տուսովկաներում չներգրավված» ու հանրահավաքների չմասնակցող մարդկանց նրանք անվանում են անօգուտ լսարան։ Կողմնակիցներ հավաքագրելու ջանքերն առաջարկվում է կենտրոնացնել խոշոր քաղաքների 20-40-ամյա բնակիչների վրա՝ բարձրագույն կրթությամբ ու միջին վաստակով» (https://russian.rt.com/world/article/601738-moda-na-revolyuciyu?fbclid=IwAR0kxMw-PuJGpGkBRjuB_-3bfRmn-gp1zy5zzA_Wa9I6OLJO-m79_y6FtQM

Անշուշտ, միամտություն կլինի կարծել, թե «Ռաշա Թուդեյ»-ի բացահայտումը մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի, ինչպես նաև հիշյալ պետությունների նկատմամբ մեր իսկ երկրում նյութվող դավի ամբողջական պատկերն է ներկայացնում։

Հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է պատասխանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս թեկուզ առաջիկա հանդիպման ժամանակ Փաշինյանին հարցեր տա հակառուսական, իր (Պուտինի) և ՌԴ իշխանությունների դեմ թշնամական ծրագիր իրականացրած Միքայել Զոլյանի՝ «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում ընդգրկվելու և ԱԺ պատգամավորի աթոռին հայտնվելու, ինչպես նաև Դավիթ Սանսարյանին ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակելու վերաբերյալ։

Մարգարիտա Սիմոնյանի վերոնշյալ բացահայտումից ընդամենը 3 օր հետո Ռուսաստանի թշնամիները վերսկսեցին իրենց յուրօրինակ պատերազմն այդ երկրի դեմ։ Փետրվարի 15-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայում «ականապատման» սպառնալիքներով հաղորդագրություններ ստանալու պատճառով իշխանությունները դեռ միայն առավոտվա դրությամբ ստիպված եղան յոթ բիզնես-կենտրոններից, առևտրի կենտրոններից և վարչական շենքերից տարհանել ավելի քան 5000 մարդու։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահները սկսել են ստուգել «Ֆաբրիկա Ստանիսլավսկոգո», «Ինտերիեր», «Գամմա» բիզնես-կենտրոնները, Խորոշևսկայա 3-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող վարչական շենքը, ինչպես նաև «Զվեզդա» հեռուստաալիքի շենքը՝ Խաղաղության պողոտայի 126 հասցեում։ «Գամմա» ԲԿ-ից դուրս է բերվել 900 մարդ, ևս ավելի քան 1,4 հազար՝ «Ինտերիեր» ԲԿ-ից։

«Ականապատման» սպառնալիքով հաղորդագրություններ են ստացել առևտրի երկու կենտրոններ. Զելենոգրադի Գոգոլի փողոցում գտնվող կետրոնը և «Պլազան»՝ Պավելեցկայա հրապարակում,- ասել է գործակալության զրուցակիցը։- Մոսկվայում էվակուացվածների ընդհանուր թիվը մոսկովյան ժամանակով 11։20-ի դրությամբ գերազանցել է 5 հազարը»։

2019թ․ հունվարին Ռուսաստանի քաղաքներում անցել է վարչական շենքերի և սոցիալական օբյեկտների «ականապատման» մասին հաղորդագրությունների ու հեռախոսազանգերի հերթական ալիքը՝ Հեռավոր Արևելքից մինչև երկրի հարավային և հյուսիս-արևմտյան տարածաշրջաններ։

Համանման իրավիճակ ստեղծվել էր մոտ 2 տարի առաջ։ Այն ժամանակ ՌԴ հաստատությունների և առևտրական կենտրոնների «ականապատման» մասին զանգվածային զանգերը սկսվեցին 2017 թվականի սեպտեմբերի 11-ին (ոչ պատահականորեն ընտրված օր)։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մոսկովյան վարչության տվյալներով, անհայտ անձանց զանգերի ալիքն ընդգրկել է Ռուսաստանի 85 տարածաշրջաններից 75-ը։ Այդպիսի մոտ 600 հաղորդագրություն է ստացվել Մոսկվայում, ևս մոտ 100-ը՝ Մոսկվայի մարզում։ ԱԴԾ գնահատմամբ, միայն Մոսկվայում «ականապատումների» պատճառած վնասը կազմել է 150 միլիոն ռուբլի։ Ողջ երկրում, ընդհանուր առմամբ, գրեթե 2 մլն մարդ է տարհանվել հազարավոր օբյեկտներից՝ կայարաններից, առևտրի կենտրոններից և այլ վայրերից։ Դեպքերից ոչ մեկի պարագայում պայթյունի վտանգը չի հաստատվել։

Այո՛, Ռուսաստանի դեմ իսկական պատերազմ է սկսվել․․․ Թերևս բոլորին էլ հասկանալի է, որ որոշակի ժամանակահատվածում և քաղաքներում զանգվածային բնույթ ունեցող վերոնշյալ հաղորդագրությունները, հեռախոսազանգերը ոչ թե ինչ-որ հեռախոսային խուլիգանության, լակոտության, արկածախնդրության դրսևորում են կամ այդպիսի դրսևորումների պատահական համընկնումներ, այլ ինչ-որ կենտրոնի, կենտրոնների (ամենայն հավանականությամբ, արևմտյան) կամ նրանց ֆինանսավորմամբ, ուսուցմամբ, խորհրդատվությամբ Ռուսաստանում առկա հինգերորդ շարսյան կողմից հստակ կազմակերպված ու նպատակաուղղված գործողություններ։

Միամտություն կլինի նաև կարծելը, թե Ռուսաստանի ներսում ծավալվող այդ պատերազմի նպատակը նշված պետությանն ու նրա բնակիչներին միայն ֆինանսատնտեսական վնաս պատճառելն է, երկիրը նաև այս կերպ հյուծելը (ի հավելումն Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների), թեև վնասն, իրոք, ահռելի է․ ինչպես արդեն նշեցինք, ԱԴԾ գնահատմամբ, միայն Մոսկվայում «ականապատումների» պատճառած վնասը կազմել է 150 միլիոն ռուբլի, մինչդեռ խոսքն այն մասին է, որ ողջ երկրում, ընդհանուր առմամբ, գրեթե 2 մլն մարդ է տարհանվել։

Այնուամենայնիվ, դավադրության հեղինակների համար էլ ավելի կարևոր և առաջնային է Ռուսաստանի բնակչությանը որոշակի քաղաքական հաշվարկներով բարոյահոգեբանական ահռելի վնաս պատճառելը, ընդ որում, զանգվածային կերպով, նրանց այն աստիճան հոգնեցնելը, ինչպես ասում են, զզվեցնելը, նյարդերը քայքայելը, մշտական վախի, անապահովության զգացողության, տագնապի մեջ պահելը, որպեսզի հասարակության ոչ գիտակից և ոչ այնքան գիտակից մասի մոտ (իսկ այդպիսիք թերևս ցանկացած երկրում հասարակության մեծամասնությունն են) երկրի իշխանությունների և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ մեծ դժգոհություն առաջանա, մարդիկ, ի վերջո, ընդվզեն, փողոց դուրս գան ու տապալեն Պուտինի իշխանությունը։ Այլ խնդիր է, թե սա նրանց կհաջողվի՞, թե ոչ․․․ Սրա դեմն առնելու համար Ռուսաստանը թերևս միայն մեկ միջոց ունի․ Քրեական օրենսգրքում, առանց հապաղելու, պատժի առավելագույնը կամ դրան մոտ պատժաչափ սահմանել իր դեմ պատերազմի ցանկացած դրսևորման համար։

 

Արթուր Հովհաննիսյան

12.02.2019 Время покажет. Маргарита Симоньян. Про Армению.

Опубликовано Грантом Габриеляном Вторник, 12 февраля 2019 г.