Ոստիկանները բացահայտել են կրթօջախում կատարված ավելի քան 3 940 000 դրամի յուրացման դեպք (տեսանյութ)

Նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ կրթօջախի տնօրենը 2004-2017 թթ․ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուրը 3 949 000 դրամ, յուրացվել է։

Առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։