«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն բարձր գներով ջրաչափեր է գնել և հիմա այդ գումարները մեր գրպանից է հանում

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մասին մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք նրա անբարեխիղճ աշխատանքին՝ ներկայացնելով, թե ինչպես է ընկերությունը խուսափել սպառողների բողոքներին արձագանքելուց, նրանց ժամանակին ջրանջատումների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելուց, իսկ հետո էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) թաքցրել իրեն բողոքներով դիմած քաղաքացիների իրական թիվը, որպեսզի այդպիսով քողարկի իր վատ և անհանդուրժելի աշխատանքը։

Ինչպես արդեն նշեցինք, «Վեոլիա ջուր»-ը խուսափում է նաև իր պարտականությունները պատշաճորեն կատարելուց, ինչի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն երեք անգամ  տուգանել է ընկերությանը, մասնավորապես՝ ջրագծերի միացումները սահմանված ժամկետում չկատարելու համար։ Վերջին անգամ «Վեոլիա ջուր» ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու որոշումը կայացվել է ՀԾԿՀ-ի փետրվարի 5-ի նիստում։ Անցյալ տարվա գարնանն էլ ընկերությունը 5 մլն դրամով էր տուգանվել։

Սովորաբար պատկան մարմինների կողմից այս կամ այն ընկերությանը տուգանելը ինքնանպատակ չէ, և դա արվում է, որպեսզի հետագայում թե՛ բաժանորդների, թե՛ պետության հետ հարաբերություններում տվյալ ընկերությունը չշրջանցի օրենքները, կանոնները և պատշաճ սպասարկում իրականացնի։ Սակայն, վաղուց արդեն այդ պատժաձևը մեզանում դադարել է արդյունավետ լինել և նպատակին ծառայել, դա են ապացուցում ամեն պատժվելուց հետո ընկերությունների կողմից հերթական իրավախախտումները։ «Վեոլիա ջուրը» նման ընկերությունների շարքում թերևս առաջատարներից է, քանի որ նույնաբնույթ օրինախախտման համար հասցրել է երեք անգամ տուգանվել։

ՀԾԿՀ-ից բացի, 2018թ․ նոյեմբերի 7-ին ընկերության դեմ վարույթ է իրականացրել նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), այս անգամ՝ շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար։ Արդյունքում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք՝ 20 մլն դրամի չափով։ Պատճառն այն էր, որ ֆրանսիական ընկերության մեղքով ջրաչափերի ներմուծմամբ և տեղադրմամբ զբաղվող հայ-գերմանական «Արազեն» ընկերությունը հայտնվել էր ոչ մրցակցային իրավիճակում և դադարեցրել ներկրումը։ «Արազեն» ընկերությունը դիմել էր ՏՄՊՊՀ-ին՝ տեղեկացնելով, որ «Վեոլիա ջրի» անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից:

«Արազեն» ընկերությունը 1 տարվա ընթացքում ներկրել էր ավելի քան 30 000 ջրաչափ, սակայն գնման գործընթաց տեղի չէր ունեցել։ Մինչդեռ, ջրաչափերի ձեռքբերումը բաց և հրապարակային իրականացնելու դեպքում ընկերությունը հնարավորություն կունենար առաջարկելու և իրացնելու իր ներկրած ջրաչափերը, որոնց վաճառքի համար ՀՀ-ում այլընտրանքային շուկաներ չկան: ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ, «Վեոլիա Ջուրն» ունենալով մենաշնորհային դիրք, մեր երկրում ջրաչափերի նկատմամբ հիմնական պահանջարկ ներկայացնող տնտեսվարողն է, հետևապես պարտավոր է այդ շուկայի բոլոր տնտեսվարողների համար ապահովել հավասար մրցակցային պայմաններ:

Մինչդեռ, «Վեոլիա ջուրը» ջրաչափերի մատակարար ընկերությունների ընտրությունը կատարել է կամայական սկզբունքներով։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի վերջինս ներկայացնի տեղեկատվություն, թե ինչ չափորոշիչների և սկզբունքների հիման վրա են ընտրվում ջրաչափերի մատակարար ընկերությունները: Սակայն որևէ հստակ չափորոշիչ չի ներկայացվել: Միաժամանակ հանձնաժողովը պահանջել է, որպեսզի «Արազեն» ընկերությունը ներկայացնի իր ներկրած բնակարանային ջրաչափերի որակը հավաստող փաստաթղթերը, ինչն արվել է և պարզվել է, որ դրանք համապատասխանում են սահմանված որակական չափորոշիչներին։

Համաձայն ուսումնասիրության, «Վեոլիա Ջրի» ներմուծած ջրաչափերը գնային առումով որոշ դեպքերում եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գներին: 2017թ․ «Վեոլիա Ջրի» ներմուծած ջրաչափերի միջին գինն, ըստ տեսակների, կազմել է 8 400 և 9 500 դրամ, երբ նշված ժամանակահատվածում տեղական շուկայում նույնաբնույթ ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3 200 դրամից, հասնելով առավելագույնը 7 000 դրամի: 2018թ․ ևս «Վեոլիա Ջուր» ընկերության ներմուծած DN 15 մմ տրամագծով ջրաչափերի միջին գինը կազմել է 10 000 դրամ՝ այն դեպքում, երբ տեղական շուկայում դրանց գինը տատանվել է 3 300-ից մինչև 7 600 դրամի սահմաններում: Արդյունքում՝ ընկերությունը միայն 2017թ․ ջրաչափերի ձեռքբերման համար վճարել է 100 մլն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:

Ստացվում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսվարողներից, տվյալ պարագայում՝ «Արազեն» ընկերությունից:

Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը, ՏՄՊՊՀ որոշմամբ, ոլորտում գերիշխող ընկերության՝ «Վեոլիա ջրի» վարքագիծը օրենքի խախտում է որակվել:

«Ընկերությունը նախապես պետք է ջրաչափերի գնման մրցույթ հայտարարեր, որպեսզի բոլոր ներմուծող, արտադրող ընկերությունները կարողանային հավասար պայմաններում մասնակցել դրան և, ի վերջո, նաև ընտրվեր ամենաարդյունավետ, ձեռնտու տարբերակը, երբ ցածր գնի դեպքում բարձր որակ է ապահովվում,- ասաց Գայանե Սահակյանը։- Բայց մրցույթ չի հայտարարվել, ընկերությունը դրսից է գնում իրականացրել ավելի բարձր գնով, որպեսզի դա որպես մեծածավալ ներդրում ներկայացնի, այսինքն՝ ցույց տա, թե մեծ ներդրումներ է արել, առանց մանրամասնելու, որ դա օրենքի խախտմամբ իրականացված և անարդյունավետ ներդրում է։ Եթե ընկերությունը տարեկան 100 միլիոն դրամի ներդրում պետք է կատարի, միանգամից 60 միլիոնի ծախս է արել միայն ջրաչափերի համար և այդպիսով ազատվել շատ այլ պարտավորություններից, այլ բնագավառներում ներդրումներ անելուց»։

Ջրամատակարար ընկերության ղեկավարությունն առիթը բաց չի թողնում իր կատարած ներդրումների և պետության բացթողումների մասին խոսելուց։ Ընկերության դեմ նախորդ տարվա ամռանը ոստիկանության հարուցած քրեական գործի առիթով «Վեոլիա ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հայտարարությամբ մեր պետության երեսով է տվել իր կատարած ներդրումները՝ չնշելով, թե դրանք օրենքի ինչպիսի խախտումներով են արվել և իրականում որքանով են ներդրում։ Հայտարարության մեջ նա նշել է, թե «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2017թ․ հունվարի 1-ից ի վեր կատարել է իր բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ խոստացված ներդրումները, մինչդեռ ՀՀ կառավարությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները և իրականացնել ներդրումներ՝ համակարգը բարելավելու համար։ Նաև նշված է, թե իբրև «Վեոլիա Ջուր» ընկերությունը միշտ կազմակերպել է մրցույթներ ըստ անհրաժեշտության և ընտրել մատակարարներ՝ թափանցիկ և հիմնավորված տնտեսական ու տեխնիկական ցուցանիշների հիման վրա, մշտապես հարգել է օրենքը, կանոնակարգը և կիրառվող գնումների ընթացակարգերը: Նկատենք՝ երևի թե այդ պատճառով է բազմիցս տույժերի ու տուգանքների ենթարկվել, որոնցից մեկն էլ բարձր գնով ձեռք բերված ջրաչափերի առնչությամբ։

«Վեոլիա ջրի» կողմից անհամեմատ բարձր արժեքով ջրաչափերի ձեռքբերումն այն դեպքում, երբ տեղական շուկայում առկա է եղել նույն որակական հատկանիշներով, սակայն ավելի ցածր գնով ջրաչափ, ֆինանսական առումով եղել է, մեղմ ասած, ոչ արդյունավետ ծախս: Ինչպես արդեն նշեցինք, նման բոլոր ծախսերը ներառվում են ջրամատակարարման համար հաշվարկվող սակագնի մեջ, և որքան ընկերության ներդրումները մեծ են լինում, այնքան սակագինը բարձրանում է՝ հաշվարկման բանաձևով։ Այսինքն՝ ընկերությունը թանկ գնով ջրաչափ է ձեռք բերել և հայտարարել, թե այդ սարքերն իր կողմից անվճար տրամադրվել ու տեղադրվել են բաժանորդներին, բայց, ի վերջո, բաժանորդները բարձր սակագնի միջոցով այդ գումարները վերադարձնում են ընկերությանը, որովհետև դրանց ծախսը ներառված է սակագնում։ Դա հաստատեց նաև Գայանե Սահակյանը։

ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանից հետաքրքրվեցինք՝ հանձնաժողովի կողմից տուգանվելուց հետո «Վեոլիա ջուրն» արդյոք շարունակո՞ւմ է ներմուծել ջրաչափերը թանկ գնով, թե, ի վերջո, այդ գործընթացն օրենքի շրջանակներում է իրականացնում։ Վերլուծության վարչության պետն ասաց, որ ՏՄՊՊՀ կայացրած որոշումից հետո «Վեոլիա ջուրն» այն բողոքարկել է հենց հանձնաժողովում, և քանի դեռ որոշումը բողոքարկման փուլում է, չի կարող ուժի մեջ մտնել։ Հետևաբար ընկերությունը հանձնաժողովի որոշումը կատարելու պարտավորություն առայժմ չունի, հետագայում էլ բողոքարկման արդյունքներից է կախված՝ կվերանայվի՞ այդ որոշումը, թե ոչ։

«Մեր որոշումը վարչական կարգով բողոքարկվել է ՏՄՊՊ հանձնաժողովում, որից հետո, չբավարարվելու դեպքում, ընկերությունը կարող է որոշումը նաև դատական կարգով բողոքարկել,- ասաց պարոն Ալավերդյանը։- Այժմ կողմերի մասնակցությամբ քննարկումներ են ընթանում, չեմ կարող ասել, թե դրանք երբ կավարտվեն։ Հակափաստարկները վերաբերում են ՏՄՊՊՀ իրականացրած ուսումնասիրություններին, ընկերության դիրքորոշմամբ, դրանք լավ չեն արվել»։

Գործող օրենսդրությունը, փաստորեն, ընկերությանը հնարավորություն է տալիս բողոքարկելու իր դեմ ցանկացած որոշում, նախ, վարչական, հետո դատական կարգով, ինչը տևական գործընթաց է, և այդ ընթացքում ընկերությունը կարող է անվերահսկելիորեն շարունակել իր նախկին գործունեությունն առանց պատիժներ կրելու և այնքան ժամանակ, մինչև իր բոլոր բողոքարկումները բավարարվեն կամ մերժվեն։ Նշենք նաև, քանի դեռ ՏՄՊՊՀ որոշումը բողոքարկվել է, ընկերությունը այդպիսով կարողացել է խուսափել նաև 20 մլն դրամ տուգանքից առժամանակ կամ գուցե ընդհանրապես՝ նայած թե հանձնաժողովը վերջնական ինչ որոշման կհանգի և ջրամատակարար ընկերությունը, հետագայում դատարան դիմելու դեպքում, ինչ արդյունքի կհասնի։

 

Թագուհի Ասլանյան