Հակաիրանական խառնաժողովը Վարշավայում թեև տապալվեց, բայց իրավիճակը դրանից հետո կարող է սրվել

Մինչ «Մերձավորարևելյան գագաթաժողովը» (փետրվարի 14-15-ը), ԱՄՆ-ում, Իսրայելում և Լեհաստանում ուրախությամբ պատրաստվում էին հայտարարել, որ իրենց հաջողվել է «միավորել ողջ  աշխարհը» Իրանի դեմ։ Սակայն նրանց հույսերն ի դերև ելան․․․

Լեհաստանի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու անվտանգությանը աջակցելու համար գագաթնաժողովում «կքննարկեն մի շարք հրատապ հարցեր, ներառյալ՝ ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, հրթիռային տեխնոլոգիաների մշակումն ու տարածումը, ծովային առևտուրը և անվտանգությունը»։ Բայց արդեն հայտնի էր, որ գլխավոր նպատակն իրականում հակաիրանական առանձնահատուկ դաշինք սարքելու փորձն է, ինչպես նաև… Պաղեստինյան ինքնավարության լուծարումը։ Հասկանալի է, որ երկու կետն էլ Իսրայելի պահանջներն էին, որոնք ԱՄՆ-ը մտադիր էր խոնարհաբար կատարել։ Սակայն այդ հարցերում ամեն ինչ միանշանակ չէր նույնիսկ Վաշինգտոնում։

Ամերիկյան վերլուծաբան Դեվիդ Վեմերը «Atlantic Council» պարբերականում տպագրված իր հոդվածում գրել է, որ դեռևս հունվարին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հատուկ նշել է, որ գագաթնաժողովը ներառելու է բանակցություններ այն բանի շուրջ, թե ինչպես անել, «որ Իրանը կորցնի իր ապակայունացնող ազդեցությունը Մերձավոր Արևելքում»:

Դոնալդ Թրամփի վարչակարգը, գրում է վերլուծաբան Վեմերը, Իրանի նկատմամբ զսպման և քննադատության քաղաքականությունը վերածել է իր արտաքին քաղաքական ռազմավարության հիմնական տարրերից մեկի։ 2018թ․ մայիսին Միացյալ Նահանգները դուրս եկավ իրանական միջուկային համաձայնագրից։ Փետրվարի սկզբին երկրի գործերի մասին Կոնգրեսին հղած իր ամենամյա ուղերձում Թրամփը խոստացավ, թե Ամերիկան «աչքը չի հեռացնի այն ռեժիմից, որը Ամերիկայի մահն է ցանկանում և ցեղասպանությամբ է սպառնում հրեա ժողովրդին»։

Սակայն, հիշեցնում է Վեմերը, եվրոպական շատ երկրներ դեմ հանդես եկան իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն և Թեհրանի նկատմամբ կրկնակի պատժամիջոցների սահմանմանը, այդ պատճառով էլ մի շարք եվրոպական երկրներ որոշեցին էականորեն սահմանափակել իրենց մասնակցությունը Վարշավայի գագաթնաժողովին։ ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ընդհանրապես ներկա չի եղել գագաթաժողովին։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը լքեց գագաթնաժողովն իր ժամանումից շատ չանցած։ Ֆրանսիան և Գերմանիան գագաթնաժողով էին ուղարկել իրենց միայն կրտսեր նախարարներին կամ պետական ծառայողներին։ Արժե նշել նաև, որ պաղեստինյան պաշտոնական անձինք խնդրել էին արաբական պետություններին՝ բոյկոտել գագաթնաժողովը, ելնելով այն մտավախությունից, որ միջոցառումը կօգտագործվի առաջ մղելու համար Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության նոր համաձայնագիրը, որը կծառայի միայն ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին։

«Ոչ մի առանձնահատուկ բան պետք չէ սպասել գագաթնաժողովից,- ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի «Իրանի ապագան» նախաձեռնության տնօրեն Բարբարա Սլավինի վկայությունը մեջբերելով, գրել է վերլուծաբան Վեմերը։- Պարոն Պոմպեոն ստիպված էր հրաժարվել իր նախնական հայտարարությունից այն մասին, որ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու Իրանի նկատմամբ ավելի ագրեսիվ դիրքորոշման մշակումը, քանի որ եվրոպական շատ երկրներ, որոնք ցանկանում են փրկել 2015թ․ միջուկային համաձայնագիրը, կարող էին պարզապես բոյկոտել գագաթնաժողովը»։

Դիմելով Բ. Սլավինի կարծիքին, վերլուծաբան Վեմերը պնդել է, որ չարժե նաև ինչ-որ առաջընթաց ակնկալել արաբ-իսրայելական հակամարտության առումով, քանի որ պաղեստինյան առաջնորդները հրաժարվել են մասնակցել գագաթնաժողովին։

«Նաթանյահուն ձգտում է դիմել արաբական այն առաջնորդներին, որոնք կիսում են իր հակակրանքը Թեհրանի հանդեպ,- ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի ներկայացուցչին մեջբերելով, գրել է Վեմերը։- Սակայն Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդում շարունակվող ճգնաժամը, որի պատճառ ծառայեց դիվանագիտական ճգնաժամը Կատարի շուրջ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի վրա ԱՄՆ-ի ճնշման մեծացումը՝ կապված Եմենում պատերազմի և լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հետ, ըստ երևույթին, թույլ չեն տա ստեղծել ավելի համախմբված հակաիրանական դաշինք»։

ԱՄԷ-ում հրատարակվող անգլալեզու «The National» թերթի տեղեկացմամբ, Վարշավայի գագաթնաժողովը բացահայտորեն տորբեդահարեցին Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, մահմեդական բազմաթիվ երկրներ։ Կատարը, Լիբանանը, Իրաքը, Ալժիրն ու Պաղեստինը ընդհանրապես հրաժարվեցին գալ Վարշավա։ Թուրքիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց համար ավելի լավ է Իրանի հետ բանակցություններ վարել Ռուսաստանում, որոնց շրջանակներում կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը։ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները քննադատության են ենթարկել Վարշավայի գագաթնաժողովը, ընդ որում, նույնիսկ արդեն փետրվարի 13-ին։ Խոսելով իր անունը չնշելու պայմանով, նրանցից մեկը դա անվանել էր «անօգուտ միջախաղ, որը հայտարարվել է առանց որևէ խորհրդակցության կամ առանց հաշվի առնելու ԱՄՆ-ի ավանդական գործընկերներին»։

«Սա բախտաբերի ընդունվող քաոսային որոշումների շարան է,- ասել է ՄԱԿ-ի եվրոպական պաշտոնյաներից մեկը։- ԱՄՆ-ը մեկ հանդիպում անցկացրեց լեհերի հետ և որոշեց, թե իրենք նախարարական հանդիպում են անցկացնելու։ Ոչ մեկին չհարցրեց, թե կգա՞ն արդյոք նրանք։ Դա նրանց մոտ մտածված գործողությունների բացակայության դասական օրինակ է»։

Իսկ եվրոպական մեկ այլ դիվանագետ, The National»-ի տեղեկացմամբ, ասել է. «Մենք համամիտ չենք այս կոնֆերանսին։ Սա այն չէ, թե ինչպես պիտի արվի ամեն ինչ»։

Այն հարցը, թե ԱՄՆ-ի և Իսրայելի ինչի՞ն էր պետք ի սկզբանե ձախողման դատապարտված գագաթնաժողովը, մնացել է օդում կախված։ Պատասխան դեռ չկա։ Ուզում եմ հիշեցնել, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ի և Իսրայելի այդ քայլը հունվարի կեսին անվանեց Լեհաստանի համար ամոթալի՝ այն փաստի լույսի ներքո, որ Իրանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բազմահազար լեհերի է փրկել։

«Լեհական կառավարությունը չի կարող սրբել իր երեսի ամոթանքը. Իրանը փրկել է լեհերին Երկրորդ համաշխարհային պատերազմում, մինչդեռ հիմա այնտեղ խելահեղ հակաիրանական կրկես է գտնվում»,- այն ժամանակ գրեց Զարիֆը Twitter-ի իր էջում։

Չնայած այս գագաթնաժողովի առումով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի անհաջողությանը, չի լքում այն զգացողությունը, որ Մերձավոր Արևելքում և մերձակա տարածաշրջանում տիրող իրավիճակը Վարշավայից հետո կսկսի սրվել։

 

Սերգեյ Շաքարյանց