Մոսկվայում ականապատման սպառնալիքի պատճառով դեռ միայն այսօր առավոտվա դրությամբ տարհանել են ավելի քան 5000 մարդու

Մոսկվայում «ականապատման» սպառնալիքներով հաղորդագրություններ ստանալուց հետո արդեն ավելի քան 5000 մարդ է տարհանվել յոթ բիզնես-կենտրոններից, առևտրի կենտրոններից և վարչական շենքերից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ իրավապահները սկսել են ստուգել «Ֆաբրիկա Ստանիսլավսկոգո», «Ինտերիեր», «Գամմա» բիզնես-կենտրոնները, Խորոշևսկայա 3-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող վարչական շենքը, ինչպես նաև «Զվեզդա» հեռուստաալիքի շենքը՝ Խաղաղության պողոտայի 126 հասցեում։ «Գամմա» ԲԿ-ից դուրս է բերվել 900 մարդ, ևս ավելի քան 1,4 հազար՝ «Ինտերիեր» ԲԿ-ից։

«Ականապատման» սպառնալիքով հաղորդագրություններ են ստացել առևտրի երկու կենտրոններ. Զելենոգրադի Գոգոլի փողոցում գտնվող կետրոնը և «Պլազան»՝ Պավելեցկայա հրապարակում,- ասել է գործակալության զրուցակիցը։- Մոսկվայում էվակուացվածների ընդհանուր թիվը մոսկովյան ժամանակով 11։20-ի դրությամբ գերազանցել է 5 հազարը»։

2019թ․ հունվարին Ռուսաստանի քաղաքներում անցավ վարչական շենքերի և սոցիալական օբյեկտների «ականապատման» մասին հաղորդագրությունների ու հեռախոսազանգերի հերթական ալիքը՝ Հեռավոր Արևելքից մինչև երկրի հարավային և հյուսիս-արևմտյան տարածաշրջաններ։

Համանման իրավիճակ ստեղծվել էր ավելի քան մեկ տարի առաջ։ Այն ժամանակ ՌԴ հաստատությունների և առևտրական կենտրոնների «ականապատման» մասին զանգվածային զանգերը սկսվեցին 2017 թվականի սեպտեմբերի 11-ին։ ԱԴԾ մոսկովյան վարչության տվյալներով, անհայտ անձանց զանգերի ալիքն ընդգրկել է Ռուսաստանի 85 տարածաշրջաններից 75-ը։ Այդպիսի մոտ 600 հաղորդագրություն է ստացվել Մոսկվայում, ևս մոտ 100-ը՝ Մոսկվայի մարզում։ ԱԴԾ գնահատմամբ, միայն Մոսկվայում «ականապատումների» պատճառած վնասը կազմել է 150 միլիոն ռուբլի։ Ողջ երկրում, ընդհանուր առմամբ, գրեթե 2 մլն մարդ է տարհանվել հազարավոր օբյեկտներից՝ կայարաններից, առևտրի կենտրոններից և այլ վայրերից։ Դեպքերից ոչ մեկի պարագայում պայթյունի վտանգը չի հաստատվել։