Տասնչորս օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորը հայտնաբերել է մշակույթի նախարարության «կորցրած» ձայնագրությունը

ՀՀ մշակույթի նախարարությունը խրտնեցնում է օտար ներդրողներին և ամեն ինչ անում, որ նրանք այլևս գումարներ չուղարկեն Հայաստան

Մատենադարանի հարևանությամբ տեղադրված վրանում գրեթե երկու շաբաթ ցուրտ եղանակին հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր էլ շարունակում է պահպանել ոգու ամրությունն ու հավատը, որ իր զոհաբերությունն, ի վերջո, նպատակին կծառայի, և մշակույթի նախարարությունն ու նախարարության իրավասությամբ գործող Ազգային կինոկենտրոնը կկատարեն համապատասխան փաստաթղթերից բխող խոստումը՝ իրեն տրամադրելով հերթական՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման համար նախատեսված ֆինանսական միջոցները։

Բանն այն է, որ դեռ 2016 թ․ Հովհաննես Գալստյանի և Մարինե Զաքարյանի հեղինակությամբ գրված «Տատիկիս վարսերը» ֆիլմի սցենարին ծանոթանալուց հետո բուլղարական և գերմանական  ընկերությունները ցանկություն են հայտնել համաֆինանսավորելու այդ կինոնախագիծը, եթե Ազգային կինոկենտրոնը ստանձնի վճարել ֆիլմը նկարելու համար անհրաժեշտ գումարի 30 տոկոսը։ Ֆիլմի արտադրության ընդհանուր արժեքը 312 մլն դրամ է գնահատվել։

Արտադրողն իր կողմից պարտավորվել էր 50 մլն դրամ ներդնել նախագծում, իսկ համարտադրողները՝ 99 մլն դրամ, միջազգային ֆոնդերից էլ 75 մլն դրամ էր որոշվել հատկացնել։ Հայաստանի Ազգային կինոկենտրոնն էլ ստանձնել էր վճարել մնացած 88 մլն դրամը։ Հետագայում, սակայն, կինոկենտրոնը հրաժարվել է իր պարտավորությունից՝ խոչընդոտելով կինոնախագծի նկարահանմանը։

Հովհաննես Գալստյանն արդեն երկրորդ անգամ է հացադուլ անում։ Առաջին անգամ ամիսներ առաջ էր, որից հետո այն ժամանակ դեռ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը միջամտելով խնդրին, փորձեց ընթացք տալ նկարահանումներին՝ «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը վերսկսելու հստակ երաշխիքներ տալով Հովհաննես Գալստյանին, նաև որոշակի հանձնարարականներ՝ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնկատար Շուշանիկ Միրզախանյանին։ Ավելի ուշ, սակայն, Շուշանիկ  Միրզախանյանը հրաժարվել է կատարել հանձնարարականը՝ պատճառաբանելով, թե Լիլիթ Մակունցն իրենց առջև այլ խնդիր է դրել։

Թե իրականում ինչ էր ասել մշակույթի նախկին նախարարը, կարելի էր պարզել միայն հանդիպմանն օրն արված ձայնագրության միջոցով։ Բայց մշակույթի նախարարությունն ավելի ուշ Հովհաննես Գալստյանին պատասխանել էր, թե ձայնագրությունը կորել է այն կատարած լրագրողի հետ միասին։ Օրեր անց, սակայն, լրագրողն անձամբ արձագանքելով, հայտնեց, որ որևէ տեղ չի կորել, իսկ ձայնագրությունն էլ ուղարկել է Հովհաննես Գալստյանին։

Այսօր առկա են ձայնագրությունները և այն բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Հայաստանի Ազգային կինոկենտրոնն ու մշակույթի նախարարությունը հավանություն են տվել Հովհաննես Գալստյանի նախագծին և հանձնառություն են ստանձնել օժանդակելու ֆիլմի նկարահանմանը։ Այնուհանդերձ, սայլը դարձյալ տեղից չի շարժվում, իսկ կինոռեժիսորն էլ դիմել է դատարան՝ նշված ատյանով փորձելով վերականգնել արդարությունը։ Մինչև դատական գործընթացն ավարտվելը նա շարունակում է իր հացադուլը՝ օրեցօր վտանգելով առողջությունն ու կյանքը։

Հովհաննես Գալստյանի համար անհանգստացած են գործընկերները՝ բեմադրիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը, երգահան, երաժիշտ Վահան Արծրունին, որոնց կարծքով, այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր մշակույթի ոլորտում և մշակույթի ներկայացուցիչների հանդեպ, վնասում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, ինչպես նաև մեր երկրում սպառնալիքներ է ստեղծում մշակույթի համար։

Մանրամասները՝ տեսանյութում