ԻԻՀ երկու քաղաքացի կալանավորվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեղադրանքով (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության՝ 1971 և 1959 թվականներին ծնված քաղաքացիներին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ:

1959 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու մոտից պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մոտ 70,87 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող շագանակագույն զանգված, մոտ 5,49 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակավուն զանգված և մոտ 1,30 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, թղթե փաթեթով, մոտ 1,44 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված, մոտ 0,37 գրամ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաև ծայրերն այրված պլաստմասե խողովակ։

1959թ․ ծնված ԻԻՀ քաղաքացու բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են մոտ 89,6 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, մոտ 0,62 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված սպիտակ պոլիմերային ձողիկ, «պլաստմասե» 2 տարաներ` մոտ 121,23 և 53,21 գրամ քաշերով, յուրահատուկ հոտով զանգվածի պարունակությամբ։

1971թ․ ծնված ԻԻՀ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 1,73 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և մոտ 0,60 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

2019թ․ փետրվարի 12-ին խուզարկություն է կատարվել 1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացուն պատկանող տարածքում, որտեղից հայտնաբերվել են 1366 գրամ սնդիկ, 33 գրամ «Ափիոն», 2 գրամ «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և 15 գրամ կանեփ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ԻԻՀ երկու քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: