Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության․ Հրանտ Մաթևոսյան

Այսօր մեծանուն գրող գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը կդառնար  84 տարեկան։

Նրա առաջին գործը՝ «Ահնիձոր» ակնարկը, տպագրվել է 1961թ․: Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: Շարունակելով հայ գրականության համար ավանդական գյուղի թեման, Մաթևոսյանն իր վիպակներում ու պատմվածքներում ներկայացել է նոր ասելիքով և ոճով. նա հայրենի հողը համարել է ոչ միայն կեցության, այլև բարոյական մնայուն արժեքների, սերնդակցական հաստատուն կապերի, հայրենիքի ըմբռնման հիմք ու հենարան:

«Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել…,- գրել է Մաթևոսյանը։- Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այդ ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցրել»:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով «Հայֆիլմում»  նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Օգոստոս» (1976 թ.), «Աշնան արև» (1977 թ.), «Տերը» (1984 թ.) գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը» (ՀՀ Պետական մրցանակ՝ 1983 թ.), «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզուներով: «Քո տոհմը» (ռուսերեն) ժողովածուն 1984 -ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:

Մաթևոսյանը 1996 թ․ պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: 2004 թ․ Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ:

Հրանտ Մաթևոսյանն ասում էր․․․

«Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում, փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»:

«…Քաջություն ու քո և քո ժամանակի առջև պատասխանատվություն է պետք, այո, որպեսզի այսօրվա մեջ քեզ Մովսես Խորենացի, քո ժամանակակիցներին Արշակ կամ Վարդան Մամիկոնյան տեսնես, այլ ոչ թե քեզնից ու քո ժամանակից խուսափելով՝ դեգերես անժամանակ ժամանակներում ու անտարածք տարածություններում…»։

«…Մեր ներսի անպատասխանատու ալարկոտի հետ դաշնակցած, մեր գործն ու վարքը կապում ենք՝ որպես թե դեմոկրատական շարժման, որպես թե բռնակալության տապալման, որպես թե Անկախ պետությունների համագործակցության անհեռանկարայնության հետ, և որպես թե ահա մենք ինչ-որ մի բանի առաջամարտիկներ ենք: Մինչդեռ ինքներս պիտի լինեինք մեր գլխի տերը, երեկ՝ նախկին հանրապետության, այսօր՝ այս նոր հանրապետության առջև մեր պարտականությունները կատարեինք բծախնդրությամբ… Երեկ բանակը չենք լիցքավորել հայկական ուժերով, երեկ առաջադրված բարեփոխումները չենք լցրել հայկական մտքի և ուժի կարողությամբ, չենք ենթարկվել երեկվա մեխանիզմին և չենք ենթարկվում այսօրվա մեխանիզմին…շատ անպատասխանատու ենք…»:

«…Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։ Եվ մի մշակույթը տեղի է տալիս մի այլ մշակույթի, որից հետո հաջորդում է գրոհող երկրի զորքերի ներխուժումը…»:

«…Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…»:

 

Մարինե Ղարախանյան