Իրանը փաստացի մերժել է INSTEX մեխանիզմի վերաբերյալ Եվրոպայի առաջարկները

Եվրամիությունը (ԵՄ), ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտարարել է Իրանի հետ հաշվարկների համար հատուկ մեխանիզմի՝ «Instrument in Support of Trade Exchanges»-ի (INSTEX) ստեղծման մասին։ Տեղեկացրել էինք նաև INSTEX-ի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի արձագանքի մասին։

Անցած օրերի ընթացքում իրավիճակը լրջորեն փոխվել է. արդեն ինքը՝ Իրանն է արձագանքել INSTEX-ի ստեղծման մասին ԵՄ-ի հայտարարությանը։ Միանգամից ասենք. Թեհրանի գնահատականը ծայրաստիճան քննադատական է Եվրոպայի համար։ Փետրվարի 3-ին «Fars News» գործակալության հաղորդման համաձայն, Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Մոթահարին ընդգծել է, որ Իրանի հետ առևտրի ազդարարված մեխանիզմը՝ առևտրական փոխանակումների աջակցման գործիքը (INSTEX), Ֆինանսական միջոցառումների նպատակային խմբի (FATF) հետ կապակցելու ճանապարհով իր երկրի ներքին գործերին Եվրոպայի միջամտությունն անընդունելի է։

«Ըստ հաղորդագրությունների, եվրոպական պետություններից մեկի նախարարը հայտարարել է, որ INSTEX-ի ներդրումը կախված է Իրանի հավանությունից, և դա յուրօրինակ միջամտություն է Իրանի ներքին գործերին»,- ասել է Մոթահարին, ելույթ ունենալով Թեհրանում, խորհրդարանի բաց նիստում։

Նա INSTEX-ը բնորոշել է որպես 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) միջուկային գործարքը պաշտպանելու Եվրոպայի վճռականության լավ նշան, սակայն ասել նաև, որ Թեհրանի վերջնական գնահատականը կհնչի, երբ դա իրականացվի։

«Եվրոպան պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները՝ հիմք ընդունելով Իրանի ու եվրոպական երեք պետությունների (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի) արտգործնախարարների 2018թ. մայիսին արած հայտարարությունը»,- ասել է Մոթահարին։

Փետրվարի 4-ին Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Հոսսեյն Նագհավի Հոսսեյնին հայտարարել է «Mehr News» գործակալության թղթակցին, որ Իրանը «ոչ մի հանգամանքում» չի ընդունի այն պայմանները, որ սահմանել է ԵՄ-ն Իրանի հետ իր առևտրական մեխանիզմը ստեղծելու համար, ինչպես և այն, որ 2015թ. միջուկային համաձայնագրի՝ ՀԳՀԾ-ի շրջանակներից դուրս եկող, այսինքն՝ հենց FATF –ին առնչվող հարցերի վերաբերյալ առևտրի մեխանիզմի իրականացման պայմանների ստեղծումը հակասում է միջազգային պարտավորություններին։

«Եվրոպան պետք է գործարկի վճարային մեխանիզմը որպես ՀԳՀԾ-ով նախատեսված իր պարտավորությունները կատարելու միջոց»,- հավելել է նա։

Նույն օրը, ինչպես հաղորդել է «Tasnim News» ինտերնետային լրատվամիջոցը, կոշտ է արտահայտվել նաև Իրանի Բարձրագույն դատական իշխանության ղեկավար այաթոլլա Սադեկ Ամոլի Լարիջանին․

«Ձգձգումների և բանակցությունների 9 ամիսներից հետո եվրոպացիները ստեղծեցին սահմանափակ հնարավորություններով մեխանիզմ ոչ թե փողի, այլ ուտելիքի և դեղորայքի փոխանակման համար»,- ասել է նա, ելույթ ունենալով դատական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Այնուհետ այաթոլլա Լարիջանին ասել է, որ, ըստ հաղորդագրությունների, եվրոպական երկրները երկու «տարօրինակ պայման» են դրել INSTEX մեխանիզմի համար․ առաջինը՝ Իրանը պետք է միանա FATF-ին, իսկ մյուսը՝ երկիրը պետք է բանակցությունների մեջ մտնի իր հրթիռային ծրագրի վերաբերյալ։

«ԵՄ երկրները պետք է իմանան, որ Իրանը ոչ մի դեպքում չի ընդունի այս նվաստացուցիչ պայմանները և չի բավարարի ցանկացած պահանջ՝ ոչ մեծ ուղի բացելու հաշվին, ինչպիսին INSTEX-ն է»,- ասել է նա։

Մեկնաբանությունների համար Իրանի խորհրդարան է շտապ կանչվել ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նա նույնպես Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նիստում, որտեղ, իրենից բացի, ներկայացված էին պատգամավորներն ու Իրանի էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի (CBI) ավագ ղեկավարները, հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից վերջերս ներկայացված առևտրական մեխանիզմը չի կարող պայմանավորված լինել փողերի լվացման դեմ պայքարի մարմնին՝ FATF-ին Իրանի անդամակցմամբ։

Զարիֆը հաշվետվություն է ներկայացրել եվրոպացիների հետ բանակցությունների մասին, որոնք հանգեցրել են Իրանի և ԵՄ-ի միջև առևտրի ֆինանսական ուղու՝ INSTEX–ի ստեղծմանը, և ընդգծել, որ «այդ մեխանիզմը ԵՄ-ի դրական ու նախնական քայլն է Իրանի շահերը պաշտպանելու համար»։

«Մենք,- շարունակել է նա,- անհամբերությամբ սպասում ենք, որ այն սկսի գործել»։

Զարիֆը, սակայն, բացառել է ցանկացած կապ INSTEX-ի և FATF-ի միջև, ընդգծելով, որ այդ ֆինանսական մեխանիզմի ստեղծման ուղղությամբ Եվրոպայի ուշացած գործողությունները չեն կարող կախված լինել որևէ այլ հարցերից, բացի 2015թ. միջուկային համաձայնագրից։

INSTEX մեխանիզմի կիրառման մեկնարկի հարցը «իրանական հրթիռների շուրջ բանակցությունների հետ» կապակցելու ԵՄ-ի փորձին փետրվարի 7-ին պատասխանել են արդեն Իրանի բարձրաստիճան զինվորականները։ Ի դեպ, համոզված եմ, որ ԱՄՆ-ից բխող այդ պահանջին աջակցել է հենց Ֆրանսիան, և որ դա ո՛չ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի, ո՛չ էլ Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի տեսակետը չէ։ Չէ՞ որ վերջին ժամանակներս միայն Ֆրանսիան է պարտավորություն հանձն առել՝ լինելու եվրոպական այն երկիրը, որն ԱՄՆ-ի օրինակով ամեն կերպ աջակցում է Իսրայելին և սպառնալիքներ հնչեցնում Իրանի հասցեին։

INSTEX մեխանիզմի նախնական գնահատականների հարցում վերջակետ դրեց Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը «Russia Today»-ին տված բացառիկ հարցազրույցում։ Նա ասաց, որ չնայած եվրոպացիները չեն ոտնահարել ՀԳՀԾ-ն, բայց նրանք չեն կատարել այդ գործարքով նախորոշված պարտավորությունների իրենց մասը։ Իրանն առաջվա պես կողմնակից է միջուկային գործարքին, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատել է Իրանի կողմ լինելն այդ գործարքին, և բոլորն էլ գիտեն, որ հենց ԱՄՆ-ն է դուրս եկել ՀԳՀԾ-ից։

«Եվրոպացիները բազմաթիվ պարտավորություններ ունեն Իրանի առջև, և նրանք պետք է կատարեն դրանք,- ասել է Ջավադ Զարիֆը։- Եթե հակամարտող կողմը չցանկանա հանձն առնել գործարքով նախատեսված պարտավորությունները, ապա Իրանը դրանից դուրս գալու բազմաթիվ տարբերակներ կունենա»։

Գործածելով Արցախի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հանրահայտ բանաձևը, որը հնչել է դեռևս 2010 թվականին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի համար, մեզ թույլ կտանք այսպիսի գնահատական. Իրանը պատասխանեց Արևմուտքին, որ «ճանճերն՝ առանձին, իսկ կոտլետները՝ առանձին»։ Այսպիսով, INSTEX մեխանիզմը ստեղծելիս Ֆրանսիայի վրա ԱՄՆ-ի կառուցած հաշվարկը ձախողվեց։ Թեհրանը, ըստ էության, մերժում է այդ նախաձեռնությունն այն տեսքով, որով իրանցիներին մատուցեցին INSTEX-ը։ Իսկ որպեսզի Եվրոպայում կասկածի տակ չառնեն Իրանի վճռականությունը, հայտարարվեց, որ Իրանը հրաժարվել է ամերիկյան դոլարով հաշվարկներից Ռուսաստանի և Իրաքի հետ գործարքներում։

Բացի վերոնշյալից, պաշտոնական Թեհրանը համագործակցելով իրանական չորս բանկերի հետ, գործարկել է ոսկու պաշարներով ապահովված «PayMon» կրիպտոարժույթը, շրջանցելով միջազգային պատժամիջոցները։ Ինչպես հաղորդել է ILNA գործակալությունը, սկզբում կթողարկվի «PayMon»-ի 1 մլրդ տոկեն։ Այնպես որ, INSTEX-ի ապագայի մասին ստիպված է լինելու մտածել Եվրոպան, այլ ոչ թե Իրանը։

 

Սերգեյ Շաքարյանց