Հայաստանում ազգակործան, ազգային արժեքների դեմ գործող արևմտյան հիմնադրամների ֆինանսավորման ծավալներն ավելացել են (տեսանյութ)

Հարկավոր է օր առաջ կասեցնել այդ դրամաշնորհների մուտքը Հայաստան

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Հայաստանում «Սորոսի» և այլ արևմտյան հիմնադրամների կողմից ֆինանսավորման ծավալների ընդլայնման մասին՝ մտահոգություն հայտնելով, որ հիմնադրամների տրամադրած դրամաշնորհներով սնվող որոշ հասարակական կազմակերպություններ փորձում են կազմաքանդել պետականության հիմքերը, վերացնել ազգային արժեքները և Հայաստանն այդպիսով վերահսկելի ու կառավարելի դարձնել դրսի ուժերի կողմից։

Արման Ղուկասյանի հավաստմամբ, այդ հիմնադրամները որոշակի հաջողությունների են հասել իրենց ֆինանսավորած հասարակական կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական, օրենսդրական գործընթացներում մեծացնելու առումով, ինչը շատ վտանգավոր է։ Ուստի մեր երկրի համար օրհասական խնդիր է նման հիմնադրամների գործունեությունը կասեցնելու համար հատուկ օրենք ընդունելը։